Արմինֆո. "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պատկերներով պաստառների հեռացման առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել գործարարի գրասենյակի մամուլի ծառայությունը:
«Մենք այս միջամտությունը համարում ենք վարչական ճնշման դրսևորում, որը խախտում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված խոսքի ազատության սկզբունքները: Պաստառները չեն խախտում հասարակական կարգը և օրենսդրությունը, այլ համերաշխության դրսևորում են այն անձի հետ, ով անգնահատելի ներդրում է ունեցել ՀՀ ենթակառուցվածքների, առողջապահության, մշակույթի և տնտեսության զարգացման գործում: Իրավական և ոչ բռնի ձևով արտահայտված հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննության կամ հետապնդման:
Մենք կոչ ենք անում իշխանություններին պահպանել իրավական շրջանակը, չդիմել օրենսդրության ընտրովի կիրառմանը և չխոչընդոտել օրինական քաղաքացիական դիրքորոշմանը: «Տաշիր» ընկերությունների խումբը շարունակելու է գործել օրենքի շրջանակներում՝ պաշտպանելով ինչպես իր իրավունքները, այնպես էլ իր հիմնադրի պատիվն ու արժանապատվությունը», - ասվում է գրասենյակի հաղորդագրությունում: