Արմինֆո.Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդում ի գիտություն են ընդունել, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կրկին հրաժարվել է ներկա գտնվել այդ միջոցառմանը: Այդ մասին Ղրղզստանում լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) արդյունքները։
"Մենք ելնում ենք այն բանից, որ մեր պետությունների ղեկավարները, երբ նրանք հանդիպել են ՀԱՊԿ-ի կազմում, ի գիտություն են ընդունել նաև ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի փաստը ։ Մենք առաջվա պես Հայաստանին համարում ենք այդ կազմակերպության լիիրավ անդամ, բայց, անշուշտ, լիիրավ անդամակցությունը ենթադրում է մասնակցություն և բոլոր պարտավորությունների կատարում, որոնք բխում են ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերից: Ներառյալ, ի դեպ, վճարումները", - ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։
Սակայն, նրա խոսքով, Հայաստանի ղեկավարության հայտարարությունները խոսում են այն մասին, որ միտումները զարգանում են բազմավեկտոր համատեքստում։ Լավրովը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը վերջերս հայտարարել է, որ շուտով ստիպված կլինեն ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև:
"Հայաստանի ղեկավարությունից ինչ-որ մեկը հայտարարել է, որ առաջիկայում պետք է վերջնականապես կողմնորոշվել ՀԱՊԿ-ի հարցում։ Մենք ոչ մի ճնշում չենք գործադրում Հայաստանի կառավարող շրջանակների վրա, կսպասենք հստակության այդ բոլոր հարցերում, բայց բոլորս հասկանում ենք, որ եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, իր մերձավոր գործընկերներից, հարեւաններից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդին", - ամփոփել է ռուս դիվանագետը ։
Հիշեցնենք, որ Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։