Արմինֆո. Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են մի շարք հեղինակավոր վերլուծական եւ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ:
ԱԺ հաղորդագրության համաձայն, պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական կենտրոնի փոխտնօրեն, Ռուսաստանի եւ եվրոպական հարցերով վերլուծաբան Քորի Ուելթին ու եվրոպական հարցերի վերլուծաբան Սառա Գարդինգին, քննարկել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները եւ տարածաշրջանային բնույթի հարցեր:
Ատլանտյան խորհրդի (Atlantic Council) Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն Ջոն Հերբսթի եւ կենտրոնի վերլուծաբանների հետ քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մանրամասները:
ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ հանդիպմանն Ազգային ժողովի պատգամավորները կարեւորել են Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցությունը խորհրդարանի հետ եւ հույս հայտնել, որ այդ ծրագրերը կլինեն շարունակական:
Պատվիրակությունը հանդիպել է նաեւ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման եւ դրանում Ամերիկայի հայկական համայնքի ու կազմակերպությունների ներգրավվածությանը վերաբերող հարցեր:
Ամերիկյան Իսրայելի հանրային կապերի կոմիտեի (AIPAC) քաղաքականությունների եւ կառավարության հետ կապերի գծով գլխավոր տնօրեն Սթիվ Բեքերմանի ու քաղաքականության եւ ռազմավարական հարցերով տնօրեն Մարվին Ֆոյերի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում անվտանգային իրավիճակին, քննարկվել է Հայաստան-ԱՄՆ եւ Հայաստան-Իսրայել հարաբերություններին վերաբերող հարցեր:
Ամերիկայի հրեական կոմիտեի (AJC) քաղաքական հարցերով ղեկավար Ջեյսոն Այզակսոնի եւ կոմիտեի անդամների հետ հանդիպմանն Ազգային ժողովի պատգամավորները ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները, Հայաստան-Իսրայել հարաբերությունների բնույթը:
Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) Եվրասիական տարածաշրջանի գլխավոր տնօրեն Միրիամ Լանսկոյի եւ փորձագետների հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի` Հայաստանում իրականացվող ծրագրերը, ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Բաց հասարակություններ հիմնադրամի (OSF) քաղաքականությունների վերլուծաբան Ջոշուա Ռասելին պատգամավորները ներկայացրել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ ԱՄՆ աջակցությունն այդ գործընթացում: