Արմինֆո. Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, ցավոք, խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հայտարարությանը:
Ֆրանսիական պետության ղեկավարի X-ում զետեղված հայերեն գրառման մեջ ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան համերաշխություն է հայտնել ներքաղաքական այս բարդ իրավիճակում: "Շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ։ Ես Ֆրանսիայի համերաշխությունը հայտնեցի՝ ի պատասխան Հայաստանում ժողովրդավարության ապակայունացման փորձերի", - գրել է Ֆրանսիայի նախագահը։ Նույն գրառման մեջ Մակրոնը հաստատել է, որ աջակցում է "Հայաստանի համարձակ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորմանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը":
Այդ առնչությամբ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է հետևյալը. «Հարգելի նախագահ Էմանուել Մակրոն, Ձեր «աջակցությունը» Նիկոլ Փաշինյանին փաստացի նպաստում է ոչ թե ժողովրդավարության, այլ բռնապետության կայացմանը Հայաստանում և տարածաշրջանում նոր բռնապետի ի հայտ գալուն։
Վերջին տարիներին, երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները և Դուք խրախուսել եք Հայաստանի իշխանություններին, այսպես կոչված, «խիզախ քայլերի» համար, դա մեր ազգի համար ավարտվել է աղետով։
Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և հայաթափումը դրա ողբերգական վկայությունն է։
Միաջազգային հարաբերություններում այսպիսի հայտարարությունները, ընդհանրապես, դիտվում են որպես ուղիղ միջամտություն երկրների ներքին գործերին։
Հայաստանում քաղաքական ուժերը պայքարում են իրենց ինքնության, ժողովրդի իրավունքների, նաև իրական ժողովրդավարության համար:
Կարիք չկա հարվածել հայ-ֆրանսիական բարեկամությանն ու ժողովրդավարության անվան տակ լեգիտիմացնել բռնապետության հաստատումը Հայաստանում»։