Արմինֆո. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումը սպասելի էր։ Սա ոչ թե իրավական գործընթաց էր, այլ հերթական արարն այն քաղաքական բեմադրության, որի ռեժիսորն իշխանությունը միահեծան կերպով բռնազավթածն է։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ-ի նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«Այս ներկայացման վերջնանպատակը պարզ է ու սոսկալի՝ թիրախում է Վեհափառ Հայրապետը, թիրախում է Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես ազգային ինքնության վերջին պատվար։
Սա անհատների դեմ ուղղված վենդետա չէ․ սա համակարգված ծրագիր է՝ ուղղված մեր պատմական հիշողության, հոգևոր ինքնության և պետականության կենսունակության դեմ։ Փորձ է արվում վերացնել այն հոգևոր տունն ու սրբատեղին, որտեղ հայ մարդը դեռ կարող է խոնարհվել, դեռ կարող է ուժ առնել, դեռ կարող է հիշել, թե ով է ինքը։
Պատրա՞ստ ենք դիմակայելու։ Գիտակցո՞ւմ ենք, որ սա հողից, սահմաններից ու կառույցներից անդին տանող մարտ է՝ մեր ինքնության համար վերջին ճակատամարտը։
Պահանջվում է զգոնությու´ն, սթափությու´ն և պատրաստակամությու´ն։ Յուրաքանչյուրս պիտի իր ներսում որոշում կայացնի՝ անտարբե՞ր է մնում, թե՞ կանգնում է հանուն իր խղճի, իր ազգի ու իր եկեղեցու։
Եղե´ք ոտքի կանգնելու պատրաստ` առաջին իսկ անհրաժեշտությամբ ու կոչով: Այսօր բոլորիս ձեռքերում է ոչ միայն այսօրվա գոյատևման բանալին, այլև` մեր նախնիների պատգամի ներքո վաղվա օրակարգերի ձևավորման պատմական առաքելության վերագտնումը», - գրել է Դավիթ Անանյանը:
Հիշեցնենք, որ այսօր դատարանը ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Դրան նախորդել էին Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները, որի տարածք էին ներխուժել ուժային կառույցների ներկայացուցիչները ՝ արքեպիսկոպոսին ձերբակալելու նպատակով։ Սակայն, հանդիպելով հոգևորականների և ծխականների դիմադրությանը, նրանք ստիպված էին նահանջել։ Հետագայում արքեպիսկոպոսը ներկայացել էչ Քննչական կոմիտե, որտեղ էլ ձերբակալվել էր։
Նշենք նաև, որ ամենայն հավանականությամբ, Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Վրաստանում հանդես են եկել ի պաշտպանություն Վրաց Ուղղափառ Եկեղեցու: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախօրեին երկրի խորհրդարանում հայտարարել է. "Մենք թույլ չենք տա կամայականություն պետության նկատմամբ, կդիմակայենք պետական ինստիտուտներն ու մեր Մայր Եկեղեցին խարխլելու ցանկացած փորձի: Կառավարությունը վճռականորեն կդիմակայի պետական ինքնիշխանության դեմ ոտնձգության, պետության ինքնությունը խաթարելու և կեղծ արժեքներ պարտադրելու ցանկացած փորձի, ինչը տարիներ շարունակ իրականացվել է հանրությունից թաքուն արտաքին ֆինանսավորմամբ":