Արմինֆո.Վեհարանի վրա իշխանությունների ռազմականացված գրոհը Հայոց պատմության մեջ արձանագրվելու է որպես ամենախայտառակ էջերից մեկը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Նիկոլ Փաշինյանը եւ նրա ՔՊ-ական սպասարկուներն այսօր անցան այն սահմանը, որից հետո պիտի կոչվեն ենիչեր: Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկները: Փաշինյանական ենիչերներները նրանց էլ կգերազանցեն շուտով: Մեր ամբողջ ժողովուրդը պետք է համախմբվի ժողովրդավարական օրինականության, Սահմանադրության և մեր ինքնության պաշտպանության շուրջ», - հայտարարել է նա:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն, իր հերթին, նշել է, որ Մայր Աթոռի տարածք, Վեհարան դիմակավորված ծառայողների ներխուժումը, հոգևորականներին քաշքշելը Հայոց Եկեղեցու, մեր նվիրական արժեքների, մեր դարավոր սրբավայրերի պղծում է: «Իշխանությունը հրահրել է խիստ վտանգավոր գործընթացներ, որոնք քայքայում են մեր պետականության հիմքերը, մեր ինքնության հենասյուները: Իր իշխանությունը պահելու մոլուցքով տարված` Նիկոլ Փաշինյանն անձամբ իրեն է ծառայեցնում իրավապահ համակարգը, քանդում է իրավունքն ու ժողովրդավարությունը` վերածելով երկիրը բռնապետության: Լարվածության մեջ է պահում երկիրը, մարդկանց թշնամացնում է իրար հետ, լկտի բառապաշարով է խոսում Հայոց Եկեղեցու և նվիրական մեր մյուս արժեքների մասին: Տեղի ունեցողը նվեր է ադրբեջանական իշխանության զավթողական ծրագրերի համար», - ընդգծել է իրավապաշտպանը: