Արմինֆո. Ռուսաստանաբնակ գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը քննչական մեկուսարանից հանդես է եկել հերթական ուղերձով, որում խոստացել է վերջ տալ հայ հասարակության պառակտմանը:
Կարապետյանն արձանագրել է, որ իր իշխանության տարիներին գործող կառավարությանը հաջողվել է
երկիրը բաժանել սևերի և սպիտակների։
«Հերոսներին, գեներալներին, գիտնականներին, ամբողջ էլիտային դասեցին սևերի շարքը։ Ոմանց սարքեցին կաշառակերներ, ոմանց սարքեցին հասարակության համար անպիտաններ, բոլոր գործարարները հայտնվեցին սևերի դաշտում, ոմանց դեմ նույնիսկ հարուցվեցին հարյուրավոր անօրինական քրեական գործեր։
Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը և սասանում է մեր երկրի ներքին ամրությունը: Երկրի համար սրտացավ, անհանգիստ, աշխատատեղ ու բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ՝ ճաշակելով կալանավայրերի, խցերի քաղցրությունը։
Հարգանքի արժանացած տարբեր մարդիկ իրենց ընտանիքների հետ հալածվեցին՝ ստիպված լինելով լքել կամ չվերադառնալ իրենց Հայրենիք: Շատերին անձամբ եմ ճանաչում, և նման վիճակում հայտնված անձանց անունները կարելի է երկար թվարկել:
Հաջողվեց բոլորին հանել բոլորի դեմ։ Քաղաքական ուժերը սկսեցին պայքարել միմյանց դեմ՝ մի կողմ թողնելով գլխավոր չարիքը։ Սակայն ժամանակն ասում է իր խոսքը և անում իր գործը. սևերը սկսեցին սպիտակել, իսկ սպիտակները, որոնք այժմ ժողովրդի մեջ փոքրամասնություն են, վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո բոլորի համար շոշափելիորեն կմնան ընդամենը մի փոքրիկ խմբակ։ Չնայած նույնիսկ դա է ինձ ցավ պատճառում, քանի որ բաժանումներից, պառակտումներից սկսվեց մեր ամենադժվար շրջափուլը։ Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը: Պայքարելու ենք», - հայտարարել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո: Դրան ի պատասխան ՝ բացահայտ սպառնալիքներ էին հնչել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։