Արմինֆո. «Հեղաշրջման պլան» հատուկ տեղեկատվական օպերացիան շատ ավելի խորքային նպատակներ է հետապնդում, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը:
«Պլանում» հիշատակվում են «Գազպրոմ Արմենիան» և «Հարավկովկասյան երկաթուղին»՝ որպես «կանխված հեղաշրջման» դերակատարներ: Չեմ բացառում, որ դրանով իսկ փաստացի հող է նախապատրաստվում այդ ընկերությունների պետականացման համար:
«Հարավկովկասյանի» դեպքում դա, իհարկե, կարող է ավելի հեշտ արվել՝ հաշվի առնելով այն, որ երկաթուղային ենթակառուցվածքները պատկանում են պետությանը (շարժակազմն ամբողջությամբ ընկերությանն է):
«Գազպրոմի» դեպքում նման սցենարը կարող է հանգեցնել էներգետիկ անվտանգության լրջագույն ռիսկերի և կրկին ակտիվացնել քպ-ական խոսույթը Ադրբեջանից բնական գազի ներկրման հեռանկարի մասին:
Ստեղծված պատկերն ամբողջացնելու համար նշենք նաև, որ օրերս էլ ՀԾԿՀ-ի ներկայացուցիչը խոսել է Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետևանքով սակագների հնարավոր բարձրացման մասին: Պետք չէ սա ընկալել զուտ որպես հերթական հայտարարություն: Սա Հայաստանում «խաղաղ ատոմի» վերաբերյալ կառավարության իրական՝ սպառողական ու հակառազմավարական մոտեցման արտացոլումն է: Ուզում են ասել՝ դեռ պետք է հասկանանք՝ մեզ ատոմակայան պետք է, թե՝ ոչ:
Այսպիսով, թիրախում են երկրի ազգային անվտանգության հենասյուներ հանդիսացող կրիտիկական ենթակառուցվածքները՝ էլցանցերը, ԱԷԿ-ը, այժմ նաև գազատրանսպորտային համակարգն ու երկաթուղին», - ընդգծել է փորձագետը:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում "Սրբազան պայքար" բողոքի շարժման ներկայացուցիչների շրջանում: Իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունների համար հիմք է հանդիսացել ՀՀ նախկին նախագահների, ձերբակալված միլիարդատեր Սամվել Կարապետյանի, ինչպես նաև "Գազպրոմ Արմենիա" և "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերությունների մասնակցությամբ նախապատրաստվող պետական հեղաշրջման մասին Civic պարբերականի հաղորդումը: