Արմինֆո. «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամներն առանձին-առանձին գտնվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների բնակարաններում, որտեղ իրականացվում են խուզարկություններ։ Այդ մասին ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հապարակված հայտարարությունում։
«Առանձին ուշադրության է արժանի այն փաստը, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կեցավայրում իրականացվող խուզարկությանը մասնակցում են նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված հատուկջոկատայիններ», - նշվում է հայտարարությունում։
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հաղորդել է, որ խուզարկություններ են ընթանում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում, ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը:
Փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացրել է, որ ձերբակալվել են Արցախի Ազգային ժողովի "Արդարություն" խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը և ևս մի քանի արցախցիներ, ովքեր աջակցել են "Սրբազան պայքար"-ին։ Նրա խոսքով՝ նրանք տեղափոխվել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական վարչություն, որն առավել հայտնի է որպես ԱԱԾ քննչական վարչություն: Երիցյանը հավելել է, որ նրանց կալանքի տակ պահելու գործընթաց է ընթանում։
Ավելի վաղ Հայաստանի քննչական կոմիտեից հաղորդել էին, որ ձերբակալություններ ու խուզարկություններ են ընթանում երկրում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի առնչությամբ։