Արմինֆո. Հայաստանում սկսվել է բռնաճնշումների հերթական փուլը։ Այդ մասին հունիսի 25-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մեկնաբանելով "Սրբազան պայքար" շարժման կողմնակիցների եւ ՀՅԴ անդամների տներում սկսված խուզարկությունները։
"Երեկ նա (վարչապետ Նիկոլ Փաշինյանը - խմբ.) հաղորդագրություն էր հրապարակել, որում ինչ - որ անհեթեթ բաներ էր ասում, դրա շրջանակներում էլ խուզարկություններ են կատարվում։ Եթե դեռ մի քանի օր առաջ մարդկանց տանում էին Քննչական կոմիտե և ոստիկանություն, ապա հիմա, մեր տեղեկություններով, ՀՅԴ Նոյեմբերյանի բաժանմունքի անդամ Վարազդատ Ամիրաղյանին տարել են Ազգային անվտանգության ծառայություն: Սա բռնաճնշումների հերթական շրջափուլն է, այս անգամ ՝ շատ մեծ մասշտաբներով ։ Հատուկ գործողությունում ներգրավված են գրեթե բոլոր ուժային կառույցները՝ Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, Ազգային անվտանգության ծառայությունը", - հավելել է պատգամավորը։
Նա նշել է, որ մոտ 50 մարդ տեղափոխվել է ոստիկանական բաժանմունքներ։ Մինչդեռ, ինչպես կարծում է խորհրդարանականը, նրանցից ոչ մեկը հակաօրինական գործողություն չի կատարել։ Գառնիկ Դանիելյանը նշել է, որ վերջին շրջանում հետխորհրդային Հայաստանում տեղի են ունենում աննախադեպ իրադարձություններ, որոնք իրենց բնույթով հիշեցնում են 1937 թվականը: "Երբ ներխուժում են մարդկանց տներ, նրանց տանում են ԱԱԾ, ինչի՞ մասին է դա խոսում։ 1937-ի մասին: Մարդը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - խմբ.) հերթական անգամ հիստերիայի նոպայի մեջ է ընկել՝ համապատասխան sms հաղորդագրություններ ուղարկելով իրավապահ մարմինների ղեկավարությանը եւ պահանջելով ամեն գնով ապահովել մեղքի անհրաժեշտ "ապացույցները", - ընդգծել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում "Սրբազան պայքար" շարժման և ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչների տներում: Դրանք սկսվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետական հեղաշրջման եւ իշխանության յուրացման փորձը կանխելու մասին երեկվա հայտարարությունից հետո։ "Այս գործընթացը պատմության մեջ կմտնի որպես "խարդախների ձախողված պետական հեղաշրջում", - գրել է նա սոցիալական ցանցերում ՝ գրառմանը կցելով Civic պարբերականի նյութի հղումը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ հայկական ընդդիմությունը երկրում պետական հեղաշրջում էր նախապատրաստում և այդ նպատակով հատուկ պլան էր մշակել: Դրանում հիշատակված են Հայաստանի նախկին նախագահներն ու ռուսական ընկերությունները։
Civic պորտալը հրապարակել է յոթ էջից բաղկացած անհայտ փաստաթղթի սքանները։ Այն վերնագրված է "Հեղաշրջման ռազմավարություն"։ Տեքստի սկզբում նշված է "նպատակը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի տապալումն է" և իշխանությունը ժողովրդին, եկեղեցուն և այլ կառույցներին փոխանցելը:
Փաստաթղթում ասվում է, որ ծրագրի իրականացումը պետք է սկսվի հուլիսի 23-ին։ "Մարդկային ռեսուրս" բաժնում հիշատակված են ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը, վերջերս կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանը և "Բարգավաճ Հայաստան" կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Ցանկում են նաև ռուսական "Գազպրոմ Արմենիա" և "Ռուսական երկաթուղիներ"-ին պատկանող "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերությունները: