Արմինֆո. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հուլիսի 12-ին հանրահավաք է հայտարարում Երևանի Ազատության հրապարակում։ Այդ մասին ասվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի տարածած հայտարարությունում:
«Ինչպես նշվել է Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհրդի մամլո ասուլիսներում և ինչպես վկայում են վերջին շաբաթների հանդիպումները արցախցի մեր հայրենակիցների հետ՝ մեր ժողովուրդը վճռական է և պատրաստ պայքարի։ Այս վճռականությունը հստակ ուղերձ է։ ԱԻՊ Խորհուրդը հայտարարում է ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Մեր պայքարի նոր փուլը սկսում է Հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին՝ խորհրդանշական Ազատության հրապարակից։ Այստեղից երթով շարժվելու ենք դեպի համապատասխան պետական հաստատություններ և իրականացվելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ։
Մենք հաստատակամ ենք մեր խոստումներում և չենք շեղվելու մեզ հանձն առած ուղուց։ Մեր անելիքների մանրամասները կհայտնենք ինչպես հարցազրույցների ընթացքում, այնպես էլ տեղում՝ անմիջական շփման ձևաչափով։
Մեր նպատակն է՝ ապահովել համախմբված, համակարգված և արդյունավետ համագործակցություն՝ հանուն ընդհանուր նպատակի։
Մենք կոչ ենք անում՝
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, Սփյուռքի բոլոր կազմակերպություններին, արցախյան և հայաստանյան հասարակական կազմակերպություններին ու քաղաքական ուժերին, Արցախի իշխանություններին և համայն հայ ժողովրդին՝
Միավորվել Արցախի գաղափարի շուրջ և Արցախի հարցը դարձնել ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ։
Մեր օրակարգը պաշտպանողները պիտի լինեն մեզ հետ, մեր կողքին։
Հիշենք՝ 1988-ին, նույն ոգով, նույն գաղափարով, նույն վճռականությամբ Արցախի զարթոնքը սկսվեց ժողովրդի ընդվզմամբ։ Այսօր այդ նույն ոգին արթուն է։ Միասին՝ հանուն Արցախի, հանուն մեր իրավունքների, հանուն հայ ժողովրդի», - ասվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում: