Արմինֆո. Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն իրավաբանական աջակցություն է նախաձեռնել Հայաստանում ապօրինի հետապնդվողների համար: Այդ մասին հաղորդել է գործարարի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։
"Հարգելի հայրենակիցներ, եթե դուք կամ ձեր ընտանիքի անդամը ևս ենթարկվել եք ապօրինի քրեական հետապնդման և ազատազրկման, Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել են պաշտպանության խմբեր, որոնք անվճար կզբաղվեն ձեր գործերով և կփորձեն ձեզ համար հասնել արդարացի լուծման", - հաղորդել է Նարեկը՝ հրապարակելով փաստաբանների կոնտակտների ցուցակը, որոնք պատրաստ են իրավաբանական օգնություն ցուցաբերել: Փաստաբանների ծախսերն ստանձնել է Կարապետյանի ընտանիքը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո: Դրան ի պատասխան՝ բացահայտ սպառնալիքներ էին հնչել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։