Արմինֆո. Ռուսաստանաբնակ գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն "Արմավիր" քրեակատարողական հիմնարկից չորրորդ նամակն է տարածել իր իրավաբանական թիմի միջոցով, որում կարևորել է Սփյուռքի կապը պատմական հայրենիքի հետ:
Փաստաբանների միջոցով ուղարկված նամակում Կարապետյանն արձանագրել է, որ Հայաստանի ներկա իշխանություններին հաջողվել է կարճ ժամանակահատվածում ամբողջովին ոչնչացնել Սփյուռքի ներկայությունը Հայաստանի Հանրապետության կյանքում:
«Աբսուրդ է, որ արգելվում է Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից և այլ երկրներից մեր Հայրենակիցների մուտքը Հայաստան՝ նրանց ճանաչելով persona non grata: Կարճ ժամանակահատվածում հնարավոր նվազագույնին հասցնել Սփյուռքի գործարարների հայրենասիրական ցանկությունները՝ Հայրենի հողում ներդրումներ կատարելու, Հայրենի հողում աշխատատեղեր ստեղծելու: Ի վերջո, մեր Սփյուռքը ոչ միայն Հայրենիքում տնտեսական, բիզնես արժեք ստեղծելու չափազանց մեծ ներուժ է, այլ նաև՝ լոբբիստական հզոր ուժ: Փոքր խմբակի՝ այլ երկրների ներքին գործերին իր ՀԿ-ների միջոցով միջամտող թոշակառուի մեծամիտ պահվածքի շնորհիվ է նաև այս ամենը:
Երբեմն այնպիսի անընդունելի տպավորություն է ստեղծվում, որ Սփյուռքը Հայաստանի Հանրապետության կարիքը չունի, Հայաստանն էլ՝ Սփյուռքի, ինչից մեր երկիրը կորցրեց ամենամեծ և ամենաարժեքավոր դաշնակցին Հայաստանի զարգացման համար: Մեր երկիրը գրեթե կորցրեց ամենաթանկ և անչափելի կապիտալը՝ մեր Սփյուռքը, և նրանք հաջողությամբ հասան այնպիսի կետի, որում Հայաստանը Սփյուռքից զրո ներդրում ունի: Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի։ Պայքարելու ենք», - գրել է Կարապետյանը:
Ուշագրավ է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պոլսահայերի հետ հանդիպման ժամանակ հաղորդել էր, որ արտասահմանյան այցերի ընթացքում հայ համայնքների ներկայացուցիչների հետ իր հանդիպումների նպատակը նաև այն է, որ նրանք իր վրա հույս չդնեն: Փաշինյանը հայտարարել էր, թե հայերն իրենք պետք է իրենց խնդիրները լուծեն՝ այն պետության իշխանությունների ներկայացուցիչների հետ, որտեղ բնակվում են: