Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը հերքել է "ԱԼՌՈՍԱ" ընկերությունից ալմաստների գողության և ԱԺ պատգամավորի հետ կապված ընկերությանը դրանց մատակարարման մասին ռուսական ԶԼՄ-ների հաղորդումները:
«Այսօր ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է:
Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծւմ եմ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել: Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է», - նշել է Աննա Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն "ՌԻԱ Նովոստի"-ին հաղորդել է, թե ուժայինները ձերբակալել են ավազակախմբի անդամների, որոնք "ԱԼՌՈՍԱ"-ից ալմաստներ են գողացել՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան արտահանելու համար, ձերբակալվածների թվում է ընկերության աշխատակից: Առգրավվել է մոտ 200 հազար կարատ անմշակ ալմաստ, փող և ոսկերչական իրեր: Ինչպես հաղորդել Է գործակալությունը, "հափշտակված ալմաստներն, իբր, հասցվելու էին Հայաստան՝ "ԱԴՄ Դայմոնդ" ՍՊԸ, որի շահառուն հայ գործարար, ՀՀ ԱԺ պատգամավոր Խ.Ա. Սուքիասյանն է":
Նշվում է, որ հակաիրավական գործունեության կազմակերպիչները Հայաստանի երկու քաղաքացիներ են, որոնք միջազգային հետախուզման մեջ են գտնվում՝ անմշակ ալմաստների մաքսանենգության համար: