Արմինֆո. Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն իր իրավաբանական թիմի միջոցով երրորդ նամակն է տարածել "Արմավիր" քրեակատարողական հիմնարկից:
"Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին" վերնագրված իր նամակում գործարարը փաստել է, որ ներկայիս իշխանություններին հաջողվել է հասնել պետության արտաքին անվտանգության լիակատար ոչնչացման։
ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ամբողջովին փչացնել հարաբերությունները ռազմական բոլոր դաշնակիցների հետ՝ ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների և խաղաղության մասին երազանքները:
«Արդյունքում մի քանի կացին կախեց մեր երկրի գլխին (Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ արդեն Պակիստան)։
Կորցրեցինք հազարամյակների բացառիկ արժեքավոր պատմություն ունեցող և արյան գնով պահած հայկական Արցախը, որից հետո խաղաղության պայմանագրի էժանագին և սուտ խոստումներով սկսեցին հատ առ հատ հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքները։ Քանդեցին զինված ուժերը:
Հանձնելուց ու քանդելուց հետո մեր երկրի սահմանները պաշտպանելու միակ միջոցը դարձան մի քանի անհասկանալի մարդկանց հեռադիտակները։ Սուտ խոստումներով, թե իբրև սրանից հետո ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը, իր էժանագին կեցվածքով սկսեց վազել հարևան երկրների ղեկավարների հետևից՝ արժեզրկելով դարեր շարունակ Հայ մարդուն վայել արժանապատիվ ապրելու հնարավորությունը։
Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է: Պայքարելու ենք», - ասվում է ուղերձում։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երևանում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո: Դրան ի պատասխան բացահայտ սպառնալիքներ էին հնչել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։ Նրա պաշտպանական թիմն արդեն բողոքարկել է վճիռը վերադաս ատյանում։