Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է սփյուռքահայերից և կոչ է արել նրանց ինքնուրույն լուծել իրենց խնդիրները: Նա համապատասխան դիրքորոշում է հայտնել պոլսահայերի հետ հանդիպման ժամանակ։
"Ես չեմ կարող լինել բոլոր հայերի վարչապետը։ Մենք դրա համար չունենք ոչ իրավաբանական իրավունքներ, ոչ ռեսուրսներ, ոչ գործիքներ։ Հայաստանի վարչապետը պատասխանատու չէ աշխարհի բոլոր հայերի համար, և ես այս համայնքային հանդիպումներն անցկացնում եմ, որպեսզի ասեմ. մարդիկ ինձ վրա հույս մի դրեք, դուք ձեր համայնքներում ձեր խնդիրները ինքներդ լուծեք", - ասել է նա։ Հայաստանի վարչապետի այդ հայտարարությունը ծիծաղ է առաջացրել դահլիճում։
Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, թե նրանք, ովքեր փորձում են Հայաստանին ներքաշել այն օրակարգ, որ Հայաստանի ղեկավարը աշխարհի բոլոր հայերի ղեկավարն է, երկիրը մղում են անդունդի եզրին: Պարզության համար նա հարց է տվել, թե ինչպես կարող է ինքը, օրինակ, միաժամանակ լուծել Իրանի և Իսրայելի հայերի կամ Ուկրաինայի և Ռուսաստանի հայերի խնդիրները։ Նրա ասելով՝ դա, պարզապես, անիրատեսական է։
"Հայ համայնքի խնդիրները չեն կարող դառնալ միջպետական հարաբերությունների օրակարգի թեմա։ Սա է իմ խորին համոզմունքը։ Նման հարցերը պետք է լուծվեն համայնքի և այն պետության մակարդակով, որտեղ նրանք բնակվում են։ Մենք չենք կարող լուծել պոլսահայերի խնդիրները, դուք ինքներդ պետք է լուծեք դրանք, քանի որ դուք այստեղ եք ապրում", - ասել է Փաշինյանը։