Արմինֆո. Ոսկե ծիրան 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն` համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության ամենազգայուն ձայներից մեկը։ Առաջին անգամ Ոսկե ծիրանը կպատվի աֆրիկացի ռեժիսորի։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են կինոփառատոնի մամուլի ծառայությունից:
Աբդերահման Սիսակոն ավելի քան 20 հեղինակավոր կինոմրցանակների դափնեկիր է: Նա եղել է Բեռլինի (2003) և Կաննի (2000, 2003, 2007) կինոփառատոների ժյուրիի կազմում, ինչպես նաև 2008 թվականին գլխավորել Է ֆրանսիական խոշորագույն կինոդպրոցի ՝ La Femis-ի հանձնաժողովը։
2015 թվականին Սիսակոյի <Տիմբուկտու> ֆիլմը (2014թ.) արժանացել է միանգամից երեք Cesar մրցանակի ՝ լավագույն օրիգինալ սցենարի, լավագույն ռեժիսուրայի և լավագույն ֆիլմի համար: Նույն ֆիլմը ռեժիսորին Ոսկե արմավենու ճյուղ է բերել Կաննի 67-րդ կինոփառատոնում։
Նշենք, որ այս տարի "Ոսկե ծիրան" կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը, որի ընթացքում երևանյան հանդիսատեսին, ավանդույթի համաձայն, կներկայացվեն միջազգային առաջատար կինոփառատոներում (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) ընտրված կինոաշխատանքները: Սպասվում է համաշխարհային կինոյի նշանավոր գործիչների այցը, ովքեր հանրությանը կներկայացնեն իրենց փորձն ու արվեստը: