Արմինֆո. Հունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում ԱԺ պատգամավոր, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Էլինար Վարդանյանը բարձրացրել է Հայաստանի իշխանությունների համարժեքության հարցը:
"Ես ձեզ հարց ունեմ. դուք ադեկվա՞տ եք։ Դուք, ինչ է, իսկապես չե՞ք տեսնում այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանի շուրջ։ Դուք ադեկվա՞տ եք, երբ Ազգային ժողովի ամբիոնից խոսում եք ընկերությունների ազգայնացման մասին։ Ես չեմ կասկածում, որ դուք կգնաք այդ քայլին և կվերցնեք "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն, ինչպես նաեւ չեմ կասկածում, որ մի գեղեցիկ օր կվերցնեք նաև խորհրդարանում նստած գործարարների վերահսկողության տակ գտնվող ընկերությունները։ Միայն՝ դժվար թե հասկանաք, թե ինչ հարվածի տակ եք դնում ներկա և ապագա ներդրումները", - ասել է պատգամավորը, նշելով մի շարք գործոնների առկայությունը, որոնք գերակա են ցանկացած ներդրողի համար. կայունություն, կանխատեսելիություն, վստահություն առաջացնող իրավական համակարգ։ "Երբ կառավարող ուժը, կառավարության ղեկավարի սպառնալիքներին համահունչ, միայն գլխով է անում, հայտարարելով ցանցերի ազգայնացման անհրաժեշտության մասին, գրեթե բոլոր ներդրողների համար հասկանալի է դառնում, որ այս երկրում հնարավոր չէ ինչ-որ բան կանխատեսել, առավել ևս, անհնար է պնդել երկրի կայունության մասին։ Երբ ներդրողը շրջվում է դեպի Հայաստան, նա չի կարող ուշադրություն չդարձնել այն փաստի վրա, որ երկրի իրավական համակարգն առաջնորդվում է պետության ղեկավարի հրամաններով, եւ, որպես հետեւանք, դա վկայում է նրա համար որեւէ իրավական երաշխիքի բացակայության մասին",- ընդգծել է պատգամավորը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել Վրաստանում հայկական բեռներին առնչվող խնդիրների վրա, որտեղ յուրովի են որոշում ՝ բաց թողնել այս կամ այն բեռը, թե՝ ոչ ։ Վարդանյանը նշել է, որ հարևան պետության տարածքում մի քանի տասնյակ հայկական մեքենաների բաց թողումը իշխանությունները ներկայացնում են որպես մեծ ձեռքբերում: "Միայն թե՝ ասեք ինձ, թե նման իրավիճակում ինչպե՞ս կարելի է ակնկալել ներդրումների ներհոսք։ Ըստ էության, վիճակագրությունն ինքնին վկայում է դրանց կրճատման մասին։ Եթե 2023 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները կազմել են 584 մլն դոլար, ապա մեկ տարի անց դրանք նվազել են ավելի քան երեք անգամ՝ կազմելով 138,5 մլն դոլար։ Սա խոսում է այն մասին, որ ներդրողներն ավելի քան լուրջ մտահոգություններ ունեն երկրի իշխանությունների հետ հարաբերություններում", - ընդգծել է խորհրդարանականը, հավելելով, որ ցանկացած ներդրող, նախքան Հայաստան գալը, ուսումնասիրելով միայն կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան գրառումները, կհասկանա, որ խոսքը անլուրջ պետության մասին է։
Մինչդեռ, ինչպես նշել է պատգամավորը, ավելի քան լուրջ աշխարհաքաղաքական գործընթացների պայմաններում երկրի իշխանությունները մոմերը ձեռքին կուսակրոնության հարց են լուծում։ "Ժամանակին գործող վարչապետն իրավական հարցերով քիչ թե շատ գրագետ օգնական ուներ։ Այսօր նա չկա, բայց միթե՞ հնարավոր չէ գտնել մի կոմպետենտ մարդու, ով խորհուրդ կտար խուսափել սոցիալական ցանցերում անհասկանալի գրառումներ անելուց, քանի որ վաղը դրանց համար դուք կպատասխանեք՝ գործող օրենսդրությանը համապատասխան", - եզրափակել է Վարդանյանը։