Արմինֆո. "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ գործարարի նկատմամբ դատական հետապնդման առնչությամբ:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքները ճնշման ակնհայտ փորձ են:
"Սամվել Կարապետյանը մշտապես հանդես է եկել և հանդես է գալիս ի պաշտպանություն հայ ժողովրդի շահերի, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և ազգային արժեքների: Նրա խոսքերն ու գործողություններն ուղղված են բացառապես քաղաքացիների իրավունքների և դավանանքի ազատության խաղաղ պաշտպանությանը", - ասվում է գործարարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է անցած գիշեր Երևանում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ այն բանից հետո, երբ աջակցություն էր հայտնել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն: Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։