Արմինֆո. "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու համար: Այդ մասին հունիսի 18-ին լրագրողներին հայտարարել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Նրա հավաստմամբ՝ գործարարի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: "Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել հակաիրավական արարք կատարելու համար, նա հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները", - նշել է փաստաբանը՝ ընդգծելով առաջադրված մեղադրանքի անհեթեթությունը: Փաստաբանը նկատել է, որ յուրաքանչյուրը կարող է մեկ անգամ ևս դիտել Կարապետյանի մասնակցությամբ տեսանյութը և գնահատել նրա արած հայտարարությունների վտանգավորության աստիճանը՝ հանցագործություն է, թե ոչ:
Հիշեցնենք, որ նախօրեին Սամվել Կարապետյանը հանդես էր եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու, որը հարձակման էր ենթարկվել երկրի իշխանությունների կողմից: Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ եթե քաղաքական գործիչներին ոչինչ չհաջողվի այդ ուղղությամբ, ապա իրենք կմիջամտենք Եկեղեցու դեմ արշավին։