Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն կատարում է թշնամու հանդեպ ստանձնած պարտավորությունը: Այդ մասին ասված է "ՀայաՔվե" քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրությունում:
"Նա ուզում է ցույց տալ, թե, իբր, կարող է եկեղեցին պահել իր վերահսկողության տակ, այնպես անել, որ Արցախի հարցը գործնական հետևանքներ չունենա, հատկապես՝ միջազգային քննարկումներում։ Հենց դրան է ուղղված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին փոխարինելու՝ նրա առաջ քաշած անբարոյական օրակարգը", - ասվում է նախաձեռնության հաղորդագրությունում։
Զուգահեռաբար, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Փաշինյանը լուծում է նաև մեկ այլ խնդիր ՝ ստեղծում է քաղաքական կոնֆլիկտ, որում կրկին սկսում է իրեն ներկայացնել որպես ժողովրդի շահերի պաշտպան: "Նա օգտագործում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ՝ "եկեղեցին վերադարձնենք ժողովրդին"։ Եթե նախկինում սատանա էին "նախկինները", որոնց դեմ նա պայքարում էր, ապա այժմ նա ցանկանում է որպես սատանա ներկայացնել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, որի դեմ ինքը պայքարում է: Այս կերպ նա նաև փորձում է լուծել իր ընտրազանգվածի հարցը", - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի դադարում թիրախավորել Հայ Առաքելական Եկեղեցին: Նախ՝ կառավարության նիստում նա հայկական եկեղեցիները համեմատեց «չուլանների» հետ։ Այնուհետեւ հաջորդեցին նրա հայտարարությունները սոցիալական ցանցերում, որտեղ Հայաստանի վարչապետը կոպիտ բառապաշար էր օգտագործում ՀԱԵ բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին։ Վարչապետը պահանջել է, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոոգեւորականները կարգալույծ արվեն։ Համանման հարձակումներով հանդես է եկել նաև վարչապետի կինը ՝ Աննա Հակոբյանը։ Այդ հայտարարությունները խիստ արձագանք էին գտել հոգևորականների շրջանում։ Սկանդալի ֆոնին Փաշինյանը կոչ է արել "գործուն քայլեր "ձեռնարկել, որոնք կհանգեցնեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի փոխարինմանը եւ հայտարարել է հատուկ համակարգող խումբ ստեղծելու մտադրության մասին՝ Վեհարանն ազատելու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի նոր ընտրությունների անցկացման կազմակերպչական հարցերի կարգավորման համար: Փաշինյանը հստակեցրել է, որ համակարգող խմբի առաջին 10 անդամներին պատրաստվում է ինքն ընտրել։