Արմինֆո. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ամռան ընթացքում շրջանառությունից հանել QR կոդով թղթե մեկանգամյա տրանսպորտի տոմսերը: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 16-ին քաղաքապետարանի աշխատանքային նիստի ժամանակ։
Ենթադրաբար, ինչպես նա նշել է, օգոստոսի 1-ից թղթե տոմսերն այլևս չեն գործի։ Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է TelCell-ի հետ քննարկումներ անցկացնել այդ ուղղությամբ: «Թղթի տարբերակն այլևս չպետք է աշխատի: Դա մեր խնդիրներից մեկն է», - ընդգծել է Ավինյանը։
Նշենք, որ այսօր Երևանի բնակիչներն ու մայրաքաղաքի հյուրերը հասարակական տրանսպորտի ուղեվարձը կարող են վճարել բանկային քարտով, TelCell ընկերության QR կոդով թղթե տոմսերով (մեկանգամյա ուղեվարձը ՝ 150 դրամ) և միասնական տոմսային համակարգի շրջանակում ներդրված տրանսպորտային քարտերով:
Հիշեցնենք, որ 150 դրամ ուղեվարձը հնարավոր է դարձել քաղաքացիների բոյկոտի շնորհիվ։ Ավելի վաղ քաղաքապետարանն առաջարկել էր 280-300 դրամ ուղեվարձ։ Միևնույն ժամանակ, քաղաքային իշխանությունները մշակել են մի շարք տոմսային փաթեթներ՝ 10 ուղևորություն, առկա են նաև փաթեթային առաջարկներ 30, 90 և 365 օրվա համար:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ https://transport.yerevan.am/ հղումով: