Արմինֆո. Հունիսի 11-12-ը Երևանում կայացել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների տարածաշրջանային 24-րդ հանդիպումը: Այն ծառայում է որպես հարթակ՝ ամրապնդելու Ազգային մարմինների միջև համագործակցությունը, նպաստելու լավագույն փորձի փոխանակմանը, ինչպես նաև բարձրացնելու Քիմիական զենքի կոնվենցիայի (Կոնվենցիայի) արդյունավետ և շարունակական իրականացման կարողությունները։
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության Միջազգային անվտանգության վարչության պետ Արման Հովհաննիսյանը և ՔԶԱԿ տեխնիկական քարտուղարության միջազգային համագործակցության և օժանդակության ստորաբաժանման կիրարկման աջակցության բաժնի ղեկավար Բեատրիս Լահուպը: Արման Հովհաննիսյանը իր խոսքում կարևորել է Կոնվենցիայի նպատակների իրականացմանն ուղղված ջանքերի շարունակականության ապահովումը և վերահաստատել Հայաստանի վճռական հանձնառությունն ամբողջությամբ բացառելու քիմիական զենքի կամ հարակից վտանգավոր նյութերի կիրառման հնարավորությունը:
Երկօրյա հանդիպման ընթացքում ՔԶԱԿ տեխնիկական քարտուղարության ներկայացուցիչները ներկայացրել են Կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացման ընթացքը և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները, իսկ ազգային ելույթներով հանդես են եկել Հայաստանի, Խորվաթիայի, Չեխիայի, Սերբիայի, Սլովենիայի, Հունգարիայի և Ռումինիայի ներկայացուցիչները։
Ազգային մարմինների տարածաշրջանային հանդիպմանը՝ հունիսի 13-ին հաջորդել է Հայաստանի Ազգային մարմնի կազմում ներառված ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների համար կազմակերպված իրազեկման միջոցառումը: