Արմինֆո.Ռուսաստանը ձեռնարկել է, ձեռնարկում է և պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի նպաստի Հայաստանի ինքնիշխանության, նրա տարածքային ամբողջականության ապահովմանը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Euromedia24-ին տված հարցազրույցում։
Նշելով, որ արդեն շատ բան է արվել այդ ուղղությամբ, ռուս դիվանագետը որպես օրինակ հիշատակել է 2020-2022թթ. բարձրաագույն մակարդակով ստորագրված եռակողմ հայտարարությունները՝ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման առանցքային ասպեկտների վերաբերյալ, փոխվարչապետների մակարդակով հաղորդակցությունների համար աշխատանքային խմբի ստեղծումը: Նա հիշեցրել է ՌԴ առաջարկի մասին, որը մնում է ուժի մեջ. օգտագործել ռուսական հարթակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար: "Այժմ մենք տեսնում ենք, որ նրանք այդ հարցերի քննարկման երկկողմ ձևաչափի գիծ են որդեգրել։ Մենք դրան հարգանքով ենք վերաբերվում։ Սակայն բազմիցս հրապարակավ հաստատել ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այն ձեւերով, ծավալներով, այն հարցերում, որոնք պահանջված են երկու կողմերից։ Այդ դիրքորոշումը եղել է, եւ այն մնում է", - ընդգծել է Կոպիրկինը։
Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումը, հաղորդակցությունների բացումն այն տրամաբանությամբ, որ տարածաշրջանը լինի կայուն, խաղաղ ՝ հուսալի ապագայով, դիվանագետը ՌԴ կենսական շահ է համարել: "Եվ Ռուսաստանն ամեն կերպ կաջակցի դրան։ Ի դեպ, հենց այդ պատճառով մենք աջակցում ենք փոխգործակցության տարածաշրջանային ձևաչափերին, մասնավորապես ՝ 3+3 երկխոսության հարթակին ՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ ։ Եվ աշխատում ենք դրա վրա, որպեսզի այդ ձևաչափերն իրական օգուտ բերեն։ Նման ձևաչափերում մենք մեծ ներուժ ենք տեսնում՝ հենց տարածաշրջանի երկրների շահերի իրացման առումով", - նշել է Ռուսաստանի դեսպանը։