Արմինֆո.Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում շուրջ երեք ժամ տևած քննարկումների արդյունքում գումարի դիմաց երկրի զինված ուժերում ծառայության ժամկետի կրճատման մասին օրենքի նախագիծը չի անցել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով ՝ հանձնաժողովի դրական եզրակացություն տալուն կողմ է քվեարկել 4 պատգամավոր՝ 5 դեմի և 1 ձեռնպահի դեպքում: Այսպիսով, ինչպես ընդգծել է Քոչարյանը, փաստաթուղթը հանձնաժողովի հավանությանը չի արժանացել։
Հիշեցնենք, որ օրինագծով նախատեսվում էր ՀՀ զինված ուժերում ծառայության ժամկետը 24 ամսից կրճատել մինչև 18 ամիս: Իսկ պատգամավորների, այդ թվում ՝ իշխող խմբակցության համար փորձաքար էր դարձել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը, ով առաջարկել էր կլորիկ գումարի դիմաց ծառայության ժամկետը կրճատելու հնարավորություն։ Օրինակ՝ 1 ամիս ծառայության համար կարելի էր վճարել 24 մլն դրամ, 4 ամսվա համար՝ 20 մլն դրամ, մինչև 18 տարեկան արական սեռի անձանց քաղաքացիությունից դուրս գալու համար ՝ 15 մլն դրամ։
Օրենսդրական նախաձեռնության հեղինակի խոսքով՝ վերջին շրջանում երկրում նկատվում է զորակոչիկների թվի արտահոսք: Եթե դեռ մի քանի տարի առաջ բանակ էր զորակոչվում շուրջ 30 հազար մարդ, ապա այսօր այդ ցուցանիշը նվազել է մինչև 20 հազար ։ Խնդրահարույց հարցերից մեկը շարունակում է մնալ մինչև 18 տարեկան արական սեռի անձանց քաղաքացիությունից հրաժարվելու հարցը: Բացի այդ, շատերն ազատվում են ծառայությունից հիվանդությունների առկայության պատճառով: Ի վերջո, վերլուծելով վերջին 10 տարիների ընթացքում զորակոչված քաղաքացիների թիվը, պարզ է դառնում, որ զորակոչվում է զորակոչիկների ընդամենը 30-40 տոկոսը: Այս գործընթացը դադարեցնելու համար առաջարկվում է քաղաքացիությունը փոխելու մտադրություն ունեցող քաղաքացիների համար սահմանել 15 մլն դրամ պետական տուրք: Միայն այդ գումարը վճարելուց հետո քաղաքացիները կկարողանան հրաժարվել քաղաքացիությունից։