Արմինֆո. Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը պահանջում է անհապաղ, անվերապահ և մշտական հրադադար Գազայի հատվածում: Ինչպես ասվում է ՄԱԿ պաշտոնական հաղորդագրությունում, փաստաթղթին աջակցել է 149 Երկիր, 12-ը դեմ է արտահայտվել, 19-ը՝ ձեռնպահ:
Քվեարկությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունիսի 4 - ին Անվտանգության խորհուրդը չի կարողացել ընդունել Գազայում կրակի դադարեցման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանաձևը.Միացյալ Նահանգները վետո է կիրառել:
Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որն առաջարկվել է Պաղեստինի և 23 երկրների կողմից՝ Իսպանիայի գլխավորությամբ, պահանջում է հրադադար, պատանդների ազատ աարձակում և իսրայելական զորքերի լիակատար դուրս բերում Գազայի հատվածից (Անվտանգության խորհրդի 2024 թվականի հունիսի 10-ի 2735 բանաձևին համապատասխան) և դատապարտում է սովի օգտագործումը որպես պատերազմի գործիք, ինչպես նաև պահանջում է աջակցություն մարդասիրական օգնության անարգել ներկրմանը Գազա:
Թեև նման բանաձևերն իրավաբանորեն պարտավորեցնող չեն, դրանք ունեն քաղաքական և բարոյական կշիռ։ Աղբյուրի համաձայն, փաստաթուղթն ընդունվել է Գլխավոր ասամբլեայի 10-րդ արտակարգ նստաշրջանի շրջանակում, որն իր աշխատանքը վերսկսել է հինգշաբթի: Նստաշրջանը նվիրված է օկուպացված պաղեստինյան տարածքում Իսրայելի անօրինական գործողություններին: Այն առաջին անգամ գումարվել է 1997 թվականի ապրիլին։ Վերջին անգամ 10-րդ արտակարգ նստաշրջանը գումարվել է 2024 թվականի դեկտեմբերին, այն ժամանակ ընդունվել է երկու բանաձեւ. մեկը՝ Գազայի հատվածում հրադադարի պահանջով, իսկ մյուսը՝ պաղեստինցի փախստականներին օգնության համար ՄԱԿ մերձավորարեւելյան գործակալության լիակատար աջակցության հաստատմամբ, որի գործունեությունն արգելել էր Իսրայելը ։