Արմինֆո. Ամերիկյան կողմը հայտարարել է, որ ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածներին և հակված է շարունակել բանակցությունները Թեհրանի հետ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՄՆ հարցերի փորձագետ Սուրեն Սարգսյանը:
«Հետաքրքիր է ամերիկյան դիրքորոշումը Իրանի դեմ Իսրայելի հարվածների վերաբերյալ։
Պետքարտուղար, անվտանգության հարցերով խորհրդական Ռուբիոն Սպիտակ տանից (!) բավականին հետաքրքիր տեքստ է տարածել․«Այս գիշեր Իսրայելը միակողմանի գործողություններ է իրականացրել Իրանի դեմ։ Մենք ներգրավված չենք Իրանի դեմ հարվածներին, և մեր հիմնական առաջնահերթությունն է պաշտպանել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերը։ Իսրայելը մեզ տեղեկացրել է, որ այս գործողությունն իր ինքնապաշտպանության համար անհրաժեշտ է համարում։ Նախագահ Թրամփը և վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր ուժերի պաշտպանությունն ապահովելու համար և սերտ կապի մեջ են մնում մեր տարածաշրջանային գործընկերների հետ։ Թույլ տվեք հստակ ասել․ Իրանն իրավունք չունի թիրախավորել ԱՄՆ շահերն ու անձնակազմը»։
Այս հայտարարությամբ ամերիկյան կողմը հստակ ֆիքսում է, որ ինքը ներգրավված չէ և հակված է շարունակել բանակցությունները Թեհրանի հետ։ Իհարկե, այս դիրքորոշումը կարող է որոշակիորեն ստաբիլիզացնող գործոն հանդիսանալ՝ գլոբալ աղետի նախաշեմին։ Թուրք-ադրբեջանական զորավարժությունն էլ՝ քթներիս տակ…», - գրել է Սուրեն Սարգսյանը:
Հունիսի 12-ի՝ լույս 13-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) լայնածավալ գործողություն է սկսել, որի շրջանակներում ՌՕՈՒ-ն հարվածներ է հասցրել Իրանի ռազմական թիրախներին և միջուկային ծրագրի օբյեկտներին: Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողությունն ուղղված է "հրեական պետության համար գոյութենական սպառնալիքի կանխմանը, քանի որ, ըստ իսրայելցի զինվորականների եւ հետախուզության տեղեկությունների, Իրանը կարճ ժամանակում մոտեցել է միջուկային զենքի ստեղծման "անդառնալի կետին": Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակումների մի քանի ալիք են իրականացրել Իրանի տարբեր շրջաններում, այդ թվում ՝ Թեհրանում, որտեղ սպանվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և մի շարք միջուկային գիտնականներ: Մասնավորապես, հարվածների են ենթարկվել Նաթանզում գտնվող միջուկային օբյեկտը, երկրի հյուսիս-արևմուտքում իրանցի զինվորականների տեղակայման վայրերը։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին հղած ուղերձում հանցագործություն է անվանել Իսրայելի հարվածներն Իրանին: Նա հայտարարել է, որ Իսրայելին "դառը և սարսափելի ճակատագիր"է սպասվում։
Իսկ այսօր հայտնի է դարձել Իրանի կողմից Իսրայելի տարածք մոտ 100 հարվածային անօդաչու թռչող ս0արք արձակելու մասին ։