Արմինֆո.Արմավիրի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Արգիշտի Մեխակյանը կգլխավորի Վաղարշապատի արտահերթ ընտրություններում "Քաղաքացիական պայմանագրի" նախընտրական ցուցակը: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
<Պարոն Մեխակյանը լավագույն թեկնածուն է Վաղարշապատի համար, թեկուզ այն պատճառով, որ նա միակ մարդն է, ով ունի գործնական փորձ կառավարման ոլորտում, ինչպես ժամանակին որպես Խոյ համայնքի ղեկավար, այնպես էլ որպես Վաղարշապատի ղեկավարի տեղակալ: Նա լավ ծանոթ է համայնքի խնդիրներին, և, կարծում եմ, որ էջմիածնեցիներն ավելի լավ ընտրություն չունեն, քան պարոն Մեխակյանը", - ասել է նախարարը։ Խուդաթյանը հիշեցրել է, որ Խոյում Մեխակյանը հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, իսկ Էջմիածնի ղեկավարի տեղակալի պաշտոնում ծառայելիս միայն դրական ժառանգություն է թողել: Համայնքների առաջիկա խոշորացման պայմաններում (իշխանությունները նախատեսում են միավորել Վաղարշապատ և Խոյ համայնքները), ըստ նրա, հնարավոր չէ պատկերացնել ավելի լավ թեկնածու:
Մասնավորապես, նախարարը տեղեկացրել է, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2025թ. վերջին՝ համայնքների խոշորացման գործընթացին զուգընթաց:
Լրագրողների հարցին, թե արդյոք որևէ մտահոգություն չկա, որ "Քաղաքացիական պայմանագիրը" չի կարողանա բավարար ձայներ հավաքել Վաղարշապատում, ինչպես դա եղավ Գյումրիում, Փարաքարում, Խուդաթյանը պատասխանել է, որ նման մտավախություն չկա:
"Այդ ընտրությունները սարերի հետևում չեն, և ժամանակը ցույց կտա, որ մենք անհանգստանալու առիթ չունենք, ինչը կարտացոլվի այդ ընտրությունների արդյունքներոում", - ընդգծել է նախարար:
Հիշեցնենք, որ "Իմ քայլը" խմբակցության նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանը կառավարության որոշմամբ 2024թ. դեկտեմբերին գլխավորել է Արմավիրի մարզը:
Արգիշտի Մեխակյանը (ծնվ. 1986թ.) 2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Մասնակցել է "T.A.L.K" միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրին (2013թ., Շվեդիա), երիտասարդական ոլորտի քաղաքականությամբ զբաղվող կազմակերպությունների կրթական այցին (2016թ., Իռլանդիա): 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել "Իմ քայլը" կուսակցությունների դաշինքի ցուցակով: 2020 թվականի դեկտեմբերին վայր է դրել պատգամավորական մանդատը և նշանակվել Արմավիրի մարզպետի տեղակալ։ Մեկ տարի անց ՝ դեկտեմբերի 5-ին, լքել է պաշտոնը և տեղական ընտրություններում գլխավորելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության համամասնական ցուցակը՝ ընտրվել Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար: