Արմինֆո.Առանց փողոցային պայքարի չափազանց դժվար է լինելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ թվով ձայներ ապահովել։ Այդ մասին հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը հիշեցրել է, որ իր խմբակցությունն արդեն բարձրաձայնել է իմփիչմենթի իր պայմանները և հաստատել է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է: Այդուհանդերձ, ըստ Խաչատրյանի, այդ գործընթացի շուրջ կան մի շարք հարցեր, որոնք ուշադրություն են պահանջում։
"Մեր խմբակցության ղեկավարն արդեն տարածած հայտարարության մեջ հաստատել է մեր դիրքորոշումը, և նույնը արել են մեր պատգամավորները։ Սակայն, հիմա տպավորություն է ստեղծվում, որ նրանք, ովքեր նախաձեռնել են այդ գործընթացը կամ աջակցել են դրան, այլ նպատակներ են հետապնդում", - նշել է ընդդիմադիրը։
Խաչատրյանը հստակեցրել է, որ եթե գործընթացի նախաձեռնողներն իսկապես շահագրգռված լինեին այն առաջ տանելու հարցում, իրենք արդեն կոնկրետ քայլեր կձեռնարկեին այդ ուղղությամբ: "Բացի այդ, ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ 54 ձայն հավաքելն անհնար կլինի առանց փողոցային պայքարի", - վստահեցրել է պատգամավորը:
Անդրադառնալով կառավարող կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե ընդդիմությունն ավելի լավ է կենտրոնանա առաջիկա ընտրություններին նախապատրաստվելու վրա, Խաչատրյանն ընդգծել է, որ ընդդիմությունն ինքը կորոշի, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի: "Մեկ գիշերվա ընթացքում երբեմն ամբողջ կազմակերպություններ են քանդվում, և իշխանությունը տապալվում է։ Թող չմտածեն, թե իրենք անխոցելի են", - նշել է Խաչատրյանը։
Պատգամավորը նաև փորձել է պարզաբանել, թե ինչու են ՀԱԵ դեմ վարչապետի հարձակումները հենց հիմա տեղի ունենում: Այդ առնչությամբ նա հիշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե՝ "Բաքվին երաշխիքներ են պետք, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի": Ինչպես նշել է Խաչատրյանը, Փաշինյանի և Ալիևի համար "ռևանշիստներ" են ՀՅԴ-ն, ՀԱԵ-ն և "Հայաստան" դաշինքը։
"Ակնհայտ է, որ հենց այդ ուժերի դեմ են սկսվել հարձակումները։ Դրա սկիզբը դրեց Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, երբ ՀԱԵ-ն պաշտպանեց արցախցիների իրավունքները։ Նա համապատասխան հրահանգ է տվել Փաշինյանին, որին նա ենթարկվել է։ Ընդ որում, ավելի վաղ նույն կերպ նա ենթարկվել էր Ալիևի ցուցումներին։ Եվ այդ հայտարարություններին պատասխանելու փոխարեն՝ Փաշինյանը հարց է տալիս, թե ինչու են մեզ այդպես անվանում",- ուշադրություն է հրավիրել Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ գործող իշխանության ողջ քաղաքականությունն ուղղված է թշնամու շահերի բավարարմանը ՝ հանուն խաղաղության պայմանագրի ստորագրման, որը Փաշինյանը կկարողանա օգտագործել արտահերթ ընտրությունների ժամանակ: "Ես այս իշխանությունից ցանկացած քայլ սպասում եմ։ Չգիտեմ, թե դա ինչի կհանգեցնի, ոչինչ չեմ բացառում։ Նրանք պատրաստ են ոչնչացնել ցանկացած կառույց, միայն թե պահպանեն իրենց իշխանությունը", - եզրափակել է ընդդիմադիրը։
Հիշեցնենք, որ գործող վարչապետին անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանում կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե առնվազն 36 պատգամավոր ներկայացնի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ ստորագրություններ: Ընդդիմադիր երկու խմբակցությունները ("Հայաստան" և "Պատիվ ունեմ") միասին կազմում են 34 պատգամավոր ։ Եվս չորսն ունեն անկախ կարգավիճակ։ Կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու համար իմփիչմենթի օգտին պետք է քվեարկի 107 պատգամավորներից առնվազն 54-ը:
Ավելի վաղ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, որ ինքը և Հակոբ Ասլանյանը (անկախ պատգամավոր, նախկինում "Քաղաքացիական պայմանագրի" պատգամավոր, ինչպես Աղազարյանը-խմբ.) չեն պաշտպանելու ՀՀԿ - ական Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, քանի որ իրենք էլ ունեն իրենց թեկնածուն՝ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը: