Արմինֆո. Հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հաղորդում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, դեպքի վայր են մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով։
«Ըստ նախնական տվյալների Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով՝ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։ Զոհերի թիվը հասել է երեքի. հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական շարունակվող աշխատանքների արդյունքում փլատակներից հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին։Կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են», - ասվում է ՓԾ հաղորդագրությունում:
Տուժածները տեղափոխվել են տեղի բժշկական կենտրոն: Ինչպես հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, հոսպիտալացվել է 9 տուժած, ովքեր ստանում են անհրաժեշտ բուժօգնություն և գտնվում են հետազոտման փուլում: "Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ", - ամփոփել են Առողջապահության նախարարությունում: