
Արմինֆո. Մեր երկրում կա մեկ պետական լեզու՝ հայերենը, և դա ոչ մի պարագայում չի կարող փոխվել։ Այդ մասին հունիսի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով Հայաստանում ռուսաց լեզվին նոր կարգավիճակ շնորհելու հնարավորության մասին հարցին՝ Ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության նախագծի վավերացման առնչությամբ։
Միաժամանակ, նա նշել է, որ մեր տարածաշրջանում ռուսերենը չափազանց կարևոր է հաղորդակցման և տնտեսական կապերի զարգացման խթանման համատեքստում: <Եվ սա հերթական նախագիծն է, որն ուղղված է այդ կապերի ամրապնդմանը և Հայաստանում ռուսաց լեզվի իմացության բարելավմանը: Բայց մենք այս նախագծի վերաբերյալ բազմաթիվ հարցեր ու դիտողություններ ունենք", - նշել է Անդրեասյանը, հրաժարվելով մանրամասնել, թե կոնկրետ ինչ դիտողությունների մասին է խոսքը, քանի որ ամեն ինչ աշխատանքային ընթացքի մեջ է։
Միաժամանակ, նախարարը տեղեկացրել է, որ շուտով կներկայացվի լեզվական հայեցակարգ, որը կամրագրի հայերենի պետական լեզվի կարգավիճակը: <Մի բան է ասել, որ մենք ունենք պետական լեզու, և մեկ այլ բան է դիտարկել, թե ինչ իրավիճակ ունենք տարբեր ոլորտներում: Եվ լեզվական կոնցեպցիան կարևոր է, որպեսզի մենք էլ կարողանանք հետևել հայոց լեզվի զարգացմանն ու ամրապնդմանը>, - նշել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ վերջինս խոստացել էր արագացնել Ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության նախագծի վավերացման գործընթացը:
Նշենք, որ Ռուսաց լեզվի միջազգային կազմակերպությունն ստեղծվել է 2023 թվականին ԱՊՀ երկրների նախաձեռնությամբ ՝ աշխարհում ռուսաց լեզվի աջակցության և տարածման, ռուսաց լեզվի ՝ որպես միջազգային հաղորդակցության լեզվի դերի ամրապնդման, ռուսաց լեզվի ՝ որպես համաշխարհային գիտելիքների և տվյալների բազայի հասանելիության միջոց օգտագործման համար պայմանների ստեղծման նպատակով և այլն։ Կազմակերպության անդամ երկրներն են ՝ Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը ։