
Արմինֆո. Իրանը, նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության, կարողացել է խելամիտ դիվանագիտության միջոցով պահպանել անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և թույլ չտալ ՆԱՏՕ-ի ներթափանցում: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ «KHAMENEI.IR» կայքում հրապարակված հարցազրույցում, հաղորդում է Tasnimnews-ը։
Նրա խոսքով՝ նոր աշխարհակարգը ձևավորման փուլում է, և Իրանը կենտրոնական տեղ է զբաղեցնում այդ գործընթացում: Եթե անդրադառնանք պատմական իրողություններին, ապա կարելի է վստահորեն ասել, որ իսլամի ընդունումից հետո Իրանը երբեք այնքան հզոր, անկախ և ազդեցիկ չի եղել, որքան այսօր, նշել է նա:
«Այդ հզորության վառ նշաններից մեկը Հարավային Կովկասի ճգնաժամին Իրանի արագ և վճռական արձագանքն էր։ Երբ որոշ երկրներ փորձեցին "Զանգեզուրի միջանցք" ստեղծելու պատրվակով Նախիջևանը Ադրբեջանի հետ միացնել Հայաստանի տարածքով, նախագիծ, որն, ըստ էության, կնշանակեր Հայաստանի մասնատում և իրանական միջանցքի արգելափակում դեպի Եվրոպա, Իրանի Իսլամական Հանրապետությունը զգոնությամբ և վճռականությամբ հանդես եկավ այդ ծրագրի դեմ և խափանեց դրա իրագործումը:
Ինչպես խոստովանել է ինքը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամեն ինչ պատրաստ էր միջանցքի գործարկման համար, սակայն հենց Իրանն էր, որ թույլ չտվեց այդ նախագիծը կյանքի կոչել: Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնիսկ, առանց Ռուսաստանի աջակցության, կարողացավ խելամիտ դիվանագիտության միջոցով պահպանել անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և թույլ չտալ ՆԱՏՕ-ի ներթափանցում:
Իրանի հմուտ եւ ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն ազգային շահերի պաշտպանություն է, այլեւ ամուր պատնեշ է տարածաշրջանի գործերին օտարերկրյա ուժերի միջամտության ճանապարհին", - ասել է Վելայաթին:
Ինչպես նշել է ԻԻՀ գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը, ի հեճուկս որոշ անբարյացակամ կամ միամիտ մրցակիցների պատկերացումների, Իրանի Իսլամական Հանրապետությունը ԻԻՀ գերագույն առաջնորդի խորաթափանցության, խիզախության և հեռատեսության շնորհիվ կարողացել է հերթական անգամ չեզոքացնել երկրի դեմ ուղղված միջազգային բարդ նախագիծը:
«Զանգեզուրի միջանցքի գործում հակառակորդների վերջնական նպատակը ոչ միայն Իրանը հյուսիսային ուղղությունից կտրելն էր, այլև հարավից Ռուսաստանի շուրջ շրջապատման օղակ հաստատելը: Սակայն այդ նախագիծը նույնպես ձախողվեց", - նշել է Ալի Աքբար Վելայաթին։