Արմինֆո. Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությանն առնչվող իրավիճակը մտահոգիչ է, սակայն վերջին տարիներին պետական քաղաքականության փոփոխության արդյունքում արձանագրվել են որոշակի դրական միտումներ: Այդ մասին հունիսի 5-ին կառավարության նիստում հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Կառավարության հաղորդագրության համաձայն, նախարարը, մասնավորապես, ասել է. «Եթե 2018 թվականին գրանցվել էր, օրինակ, այս խումբ հանցանքների 877 դեպք, 2021-2022 թվականներին, երբ Կառավարությունը նաև հայտարարեց այս խումբ հանցագործությունների դեմ պայքարն ավելի ինտենսիվացնելու քաղաքականության մասին, պիտի փաստեմ, որ թվերն էական աճ են ապրել՝ հաշվի առնելով բացահայտման աճի մասով մեր ունեցած տվյալները: Արդեն 2023 թվականին ունեցել ենք 5070 դեպքի արձանագրում, բայց այս տարվա կտրվածքով, երբ 2023-ը վերլուծել ենք, նկատել ենք, որ կարիք կա փոխելու մեր քաղաքականությունը և ավելի շատ շեշտը դնելու ներմուծման շղթայի վրա և նաև արտադրության շղթայի վրա, որպեսզի հետագայում մանր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն ավելի նվազ լինեն: Եվ ունեցել ենք կոնկրետ արձանագրում արդեն վիճակագրական առումով և 2024 թվականին արդեն արձանագրել ենք 3639 դեպք, որը, բնականաբար, նվազում է ենթադրում: Բացի հանցավորության դեպքերի նմանատիպ իրավիճակից՝ այս նվազումը նաև հիմք է եղել նրա, որ մանր չափի՝ հատկապես բուսական ծագում ունեցող թմրամիջոցների դեպքերում, երբ ունեցել ենք հանցանքի մասին հաղորդում, հաշվի առնելով իրացման դրվագի բացակայությունը, հիմնականում վարչական իրավախախտման տրամաբանության մեջ ենք հարցը դիտարկել: Թմրամիջոցների հետ կապված՝ վարչական իրավախախտումների տեսանկյունից ունեցել ենք աճ: Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից ևս վերջին տարիներին ունեցել ենք հաշվառված անձանց թվի աճ, ինչը մի կողմից դրական է, որովհետև ի վերջո մենք բարձրաձայնում ենք նաև կախվածությունների մասին, անձինք անցնում են հաշվառում, իսկ մյուս կողմից նաև վկայում է այն մասին, որ դեռ ունենք կախվածություն ունեցող այնպիսի անձինք, որոնց հետ պետք է ճիշտ և գրագետ աշխատանք տարվի»:
Արփինե Սարգսյանը նշել է նաև, որ ռազմավարական մոտեցման շրջանակներում 2023-ը երբ համեմատում ենք 2024 թվականի հետ, արձանագրվում է, որ 2024 թվականի ընթացքում ամբողջ իրավապահ համակարգի աշխատանքի և համագործակցության ինտենսիվացման արդյունքում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց, որը շուրջ 200 կգ-ով ավելի է, քան 2023 թվականին: «Եթե համադրենք 2025 թվականի առաջին մի քանի ամիսների տվյալները, ապա արդեն իսկ հասցրել ենք համատեղ ուժերով դուրս բերել 173 կգ թմրամիջոց ընդհանուր շրջանառությունից՝ կրկին թիրախավորելով հատկապես ներմուծման պրոցեսը»,- ասել է նախարարը: