Արմինֆո. Կառավարությունն այօրվա նիստում հաստատել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, ներկայումս առկա չեն Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների գործածման հետ կապված վիճակը գնահատող համապարփակ և արդիական ուսումնասիրություններ, ինչը թույլ կտա՝ ամբողջական պատկերացում կազմելու իրավիճակի մասին և հիմնելու պետական քաղաքականությունը նման հետազոտության արդյունքների, դրանով արձանագրված օրինաչափությունների վրա։
Այնուամենայնիվ, առկա վարչական տվյալները վկայում են, որ այս ոլորտում իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ մտահոգիչ և բնութագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և իրավախախտումների աճող մակարդակով, դրանց արդյունքում գոյացած եկամուտների օրինականացման ռիսկերի բարձրացմամբ:
Նախագիծը ներառում է երեք ռազմավարական նպատակներ. թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման կանխարգելում; թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության դեմ պայքար; թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց ապացուցահեն, էթիկական, գենդերազգայուն բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության, վերականգնման և վերաինտեգրման, ինչպես նաև հանրային առողջության պահպանման ապահովում։
Յուրաքանչյուր նպատակի շրջանակներում նախատեսվել են տարաբնույթ միջոցառումներ՝ հետևյալ 13 ռազմավարական ուղղություններով.
1. թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման հետևանքների մասին բնակչության իրազեկում,
2. անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման և չարաշահման կանխարգելում,
3. դատապարտյալների և ազատությունից զրկված այլ անձանց շրջանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և չարաշահման կանխարգելում,
4. զինծառայողների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման կանխարգելում,
5. թմրամիջոցների օրինական շրջանառությանը վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործում, ապօրինի թմրամիջոց գործածող անձանց համար սահմանափակումների նախատեսում,
6. մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի ներկրման կանխարգելում,
7. թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության առնչությամբ օպերատիվ-հետախուզական գործունեության և նախաքննության արդյունավետության բարձրացում,
8. համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելում,
9. իրավասու մարմինների և կազմակերպությունների կարողությունների զարգացում և նրանց միջև համագործակցության ամրապնդում,
10. հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում և հանրային ծառայությունում թմրամիջոցների չարաշահման դեմ պայքար,
11. ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդում,
12. թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց ժամանակակից և գիտականորեն հիմնավորված բուժման, վերականգնման և վնասի նվազեցման ծառայությունների տրամադրում և հանրային առողջության ապահովում,
13. թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածմամբ պայմանավորված խանգարումներ ունեցող անձանց կայուն վերականգնման կառավարում և սոցիալական վերաինտեգրում։
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կառաջանան ծախսեր, որոնք մանրամասն ներկայացված են Նախագծով հաստատվող ռազմավարությունում ներառված ֆինանսական ամփոփ գնահատականում։ Պետական բյուջեում ծախսերի թիվը կկազմի 275 մլն դրամ։