Արմինֆո. "Leia" և "Royalsis Engineering" ընկերությունները որպես նվիրատվություն ՀՀ պաշտպանության նախարարությանը կփոխանցեն իրենց 30,1 մլն դրամ արժողությամբ ավիացիոն-տեխնիկական գույքը: Որոշումն ընդունվել է հունիսի 5-ին՝ կառավարության նիստում։
"Royalsis Engineering" ընկերությունը պատկանում է Դավիթ Գալստյանին, ով հայտնի է որպես «Պատրոն Դավո», զբաղվում է զենքի առևտրով:
Հիշեցնենք, որ Գալստյանը ՝ արտերկրում գրանցված Mosston Engineering ընկերության սեփականատերը, առաջին անգամ կալանավորվել էր 2021 թվականի փետրվարին՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը ոչ պիտանի ռազմամթերք մատակարարելու մեղադրանքով։ Ըստ ԱԱԾ-ի՝ գործարար Դավիթ Գալստյանը պայմանագիր է կնքել ՀՀ պաշտպանության նախարարության հետ, որի համաձայն, իրականացրել է 1983-1986թթ. նմուշի հրանոթների հրետանային արկերի մատակարարում: Սակայն, փոխարենը՝ ՊՆ-ին մատակարարվել են չեխական 1977 թվականի արտադրության արկեր։ Արդյունքում՝ այդ զինամթերքը պիտանի չի եղել վերոնշյալ զենքերի համար, ինչը հանգեցրել է դրանց օգտագործման անհնարինության։ ԱԱԾ-ն նաև տեղեկացրել էր, որ Գալստյանի դեմ հարուցվել են նաև այլ քրեական գործեր:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Գալստյանն անցնում է նաև ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից զինված ուժերի կարիքների համար ռազմամթերք մատակարարելու գործընթացում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու վերաբերյալ քրեական գործով, որը քննում է ՀՀ ԱԱԾ-ը: Քրեական գործով որպես մեղադրյալ են անցնում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, գործարար Դավիթ Գալստյանը ու ևս 4 բարձրաստիճան սպաներ: Տոնոյանն ու Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով ՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ կատարելու, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան ՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: