Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարության "Մայր Հայաստան" ռազմական պատմության թանգարանը վերակազմակերպվում է "Հայաստանի պատմության թանգարան" պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) հետ միաձուլման և այդ կազմակերպության մասնաճյուղ' "Մայր Հայաստան" ռազմական պատմության թանգարան ստեղծելու միջոցով: Բացի այդ, "Հաղթանակ" զբոսայգում գտնվող հուշարձանը կփոխանցվի ԿԳՄՍՆ կառավարմանը: Որոշումն ընդունվել է հունիսի 5-ին ՀՀ կառավարության նիստում։
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, ՀՀ կառավարության 26.04.2016թ. N 736-Ա որոշմամբ ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը, որի գործունեության առարկան են հանդիսանում հայոց ռազմական արվեստի, ճակատամարտերի, ռազմական պատմության վերաբերյալ ցուցադրական նյութերի համալրումը, հաշվառումը, ուսումնասիրումը, պահպանումը և թանգարանային ցուցադրման եղանակով հանրությանը ներկայացնելը, թանգարանի մշտական և ժամանակավոր պահպանությանը հանձնված նմուշների, թանգարանային այլ ցուցանմուշների հաշվառումն ու պահպանումը, թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների մշտական ու ժամանակավոր հանրային ցուցադրումը և այլն:
Թանգարանային գործունեություն իրականացնող մարմինները հիմնականում գործում են պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակով, միաժամանակ առանձին իրավաբանական անձ ստեղծելու գործընթացից ձեռնպահ մնալու նկատառումներից ելնելով՝ նպատակահարմար է գտնվել «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ: