Արմինֆո. Հունիսի 3-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հաղորդել է երեխայի առևանգման մասին. Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունը, մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները: Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո առաջ է քաշվել վարկած, որը կարճ ժամանակ անց հաստատվել է: Ըստ այդ վարկածի՝ աղջնակին փախցրել էր նրա կենսաբանական մայրն՝ իր ներկայիս ամուսնու և երկու այլ անձի հետ:
«Ավելին' մայրը նույնպես Երևանում բնակություն հաստատած օտարերկրա քաղաքացի է, և կասկած կար, որ առևանգողները երեխայի հետ կհատեն պետական սահմանը:
Նման դեպքերում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը հաճախ է արագ արդյունք տվել: Այդպես եղավ և այս անգամ:
Նույն օրը՝ ժամը 17.10-ին, Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալեցին երեխայի մորը, նրա ներկայիս ամուսնուն և էլի մի օտարերկրացու: Առևանգված աղջնակը նրանց հետ էր:
Բոլորն էլ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են», - ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: