Արմինֆո. Չի կարելի պատահականություն համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլաշուքյուր Փաշազադեի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ միաժամանակյա հարձակումները: Այդ մասին հունիսի 4-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ Ազգային ժողովի այն պատգամավորները, ովքեր հնարավորություն են ունեցել ծանոթանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծին, կոնկրետ օրինակով համոզվել են, որ երկրում ապազգայնացման ծրագիր է իրականացվում: Երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախագծում արձանագրվել է մի կետ, որի համաձայն, կողմերը պարտավորվել են "համատեղ ուժերով պայքարել ռևանշիստների դեմ", այսինքն ՝ նրանց դեմ, ովքեր պայքարում են Հայաստանի և հայ ժողովրդի շահերի համար։ Այդպիսով, ինչպես նշել է Վարդանյանը, այդ փաստաթուղթն արդեն ուժի մեջ է մտել՝ առանց դրա ստորագրման։ Ինչպես հաղորդել Է պատգամավորը, այդ մասին վկայում է, առնվազն, երկու դրվագ ՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարը, որը Բաքվում դիտարկվում է որպես ռևանշիզմի աղբյուր, և սահմաններին երրորդ երկրների ուժերի տեղակայումից հրաժարվելը: Անցյալ տարի Մեղրիից դուրս են բերվել ռուսական զորքերը։ "Փաստաթուղթը դեռ ստորագրված չէ, բայց Փաշինյանն արդեն իրականացնում է այդ փաստաթղթի դրույթները", - նշել է խորհրդարանականը, հավելելով, որ Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի մյուս պահանջները կատարելու ուղղությամբ, որոնք չեն ներառվել խաղաղության պայմանագրի տեքստում, մասնավորապես, ՀՀ սահմանադրության հարցը:
Վարդանյանը նաև ընդգծել է, որ երբ արցախահայությունը հանրահավաք անցկացրեց՝ ի պաշտպանություն իրենց իրավունքների, նրանց նկատմամբ ծավալվեց ատելության ակտիվ թիրախավորված քարոզչություն: Այժմ ատելության կիզակետում է հայտնվել Հայ Առաքելական Եկեղեցին, որը բոլոր, այդ թվում ՝ միջազգային հարթակներում բարձրացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցը: "ՀԱԵ դեմ հարձակումը Փաշինյանի և Փաշազադեի համատեղ պայմանավորվածության արդյունք է", - ընդգծել է ԱԺ պատգամավորը: