Արմինֆո. Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Հայկազ Մկրտչյանից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ:
Ինչպես հաղորդում է Գլխավոր դատախազությունը, Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետի նախկին տեղակալ Հայկազ Յուրիկի Մկրտչյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 2 անշարժ գույք; 1 շարժական գույք; 1 իրավաբանական անձում մասնակցության իրավունք; 1 գնման իրավունք; 38 միլիոն 118 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ; 5 միլիոն 255 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2004-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը: