Արմինֆո. Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ:
Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նախանշելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները։
Հատկապես կարևորվել է Մադրիդի հաջող փորձը օդի որակի բարելավման ոլորտում, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երևանի համար նույնպես ուսումնասիրել և կիրառել այդ արդյունավետ լուծումները։
Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի փետրվարին Երևանի քաղաքապետարանը հաղորդել էր օդի աղտոտվածության դեմ պայքարի համար մշակված քառամյա ծրագրի պատրաստ լինելու մասին։ Նշվել էր, որ ծրագրի շրջանակում նոր կարգավորումները վերաբերում են մարդածին գործոններին, այդ թվում ՝ շինարարությանը, հանքավայրերի շահագործմանը, տրանսպորտին, ջեռուցմանը, աղբավայրերին և այլն: Ծրագրում, ինչպես աշխատանքային նիստի ժամանակ հայտարարել էր քաղաքապետը, պետք է ներկայացվեն օդի աղտոտվածության իրավիճակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների հիմնական ուղղությունները:
Մինչդեռ, օդին առնչվող իրավիճակը Երևանում մնում է անմխիթար։ Քաղաքացիները շարունակում են բողոքել մայրաքաղաքում օդի որակից։
Անկախ փորձագետները քաղաքում օդի աղտոտվածությունն, առաջին հերթին, կապում են անվերահսկելի կառուցապատման, քաղաքում մեքենաների քանակի ավելացման և ծառահատման հետ, ինչն իրականացվում է քաղաքապետարանի կանաչապատման ծրագրի շրջանակներում: Իշխանությունները այդ նախաձեռնությունը բացատրում են կենսունակության կորստի փուլում գտնվող ծառերն ավելի արժեքավոր ծառատեսակներով փոխարինելու անհրաժեշտությամբ: Սակայն, ոլորտի փորձագետները հակառակ կարծիքի են: Նրանք հավաստիացնում են, որ քաղաքապետարանը էկոցիդ է կազմակերպել։ Քաղաքի կենտրոնական փողոցները պատվում են հիմնականում դեկորատիվ ծառերով, որոնք ի վիճակի չեն լինի լիարժեք կատարել փոշու կլանման գործառույթը։