Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, ինչպես նաև Ֆրանսիայի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ։
Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության օրակարգային հարցեր՝ մասնավորապես ուշադրության կենտրոնում պահելով ապակենտրոնացված գործընկերության խորացման անհրաժեշտությունը։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է այս օրերին անցկացվող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ երկօրյա համաժողովի դերն ու նշանակությունը՝ այն որակելով որպես կենսունակ հարթակ՝ համայնքայն մակարդակում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրագործման համար։
Անդրադառնալով Գորիսում Ֆրանսիայի նորաբաց պատվո հյուպատոսության գրասենյակին՝ ֆրանսիական պատվիրակության կողմից ևս ընդգծվել է, որ այն միտված է ոչ միայն դիվանագիտական ներկայության ամրապնդմանը, այլև՝ կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի ընդլայնմանը Սյունիքի տարածաշրջանում։
Սենատոր Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, հանդես գալով Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անունից, վերահաստատել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի օրենսդիր մարմինները շարունակելու են սատարել Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացներին։
Կողմերն անդրադարձել են նաև կրթության, մշակույթի, շրջակա միջավայրի, տեղական ինքնակառավարման և տնտեսական զարգացման ոլորտներում գործակցությունը խորացնելու հնարավորություններին։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի կառավարության, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի ղեկավարության և բարեկամական խմբի՝ Հայաստանի հանդեպ դրսևորվող կայուն աջակցությունն ու համերաշխությանը՝ ընդգծելով, որ Հայաստան-ֆրանսիա հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների, պատմական բարեկամության և փոխադարձ վստահության վրա։