Արմինֆո.Երկրի ղեկավարը չունի որևէ գործառույթ խառնվելու եկեղուցու ներքին գործերին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ արշավը ունի մի քանի նպատակ. շարունակել երկրի առջև ծառացած իրական մարտահրավերները մղել երկրորդ պլան՝ օրակարգ բերելով այսօրվա համար արհեստածին թեմաներ; ուղղակի կամ անուղղակի հաճոյանալ Ադրբեջանին՝ սատարելով հերթական հակահայկական թեման; հասարակության մոտ արժեզրկել մեր ինքնության կարևորագույն արժեքներից մեկը՝ խնդիրները արդյունավետ լուծելու փոխարեն։
«Երկրի ղեկավարը չունի որևէ գործառույթ խառնվելու եկեղուցու ներքին գործերին՝ ի տարբերություն եկեղեցու, որն իրավունք ունի խոսել ամեն ինչից։ Միևնույն ժամանակ, եկեղեցին չունի քաղաքական այլ ուժերի «խորհուրդների» կարիքը, ովքեր իրենց քաղաքական ապիկարությունը թողած՝ եկեղեցուց պահանջում են զբաղվել քաղաքականությամբ։
Երկրում առկա քաղաքական խնդիրները, այդ թվում իշխանափոխության գործընթացը ունի բացառապես քաղաքական լուծում, որի հետ Հայ Առաքելական Եկեղեցին չունի որևէ առընչություն։ Հայ Առաքելական Եկեղեցու դերը և կարևորությունը հայ ժողովրդի կյանքում անքննելի է», - ընդգծել է Մեսրոպ Առաքելյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական եկեղեցիները "չուլանացված են"։ Հաջորդ օրը նա կտրուկ գրառում էր կատարել սոցցանցերում, որում կոպիտ բառապաշար է օգտագործել Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու հոգևորականների հասցեին և արքեպիսկոպոսներից մեկին մեղադրել սեռական անառակության մեջ։ Վարչապետը պահանջել էր, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր քահանաները զրկվեն հոգևոր կարգից։ Համանման հարձակումներով էր հանդես եկել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Այդ հայտարարությունները խիստ արձագանք էին գտել հոգևորականության շրջանում։ Սկանդալի ֆոնին վարչապետն առաջարկել էր փոխել ՀԱԵ ղեկավարի ընտրության կարգը, որպեսզի պետությունը որոշիչ ձայն ունենա ընտրություններում, իսկ թեկնածուները անցնեն էթիկայի ստուգում: