Արմինֆո. Գրականության և արվեստի թանգարանում բացվել է "Հիշողության սլաքները" բացառիկ ժամանակավոր ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի մշակույթի մեծերի անձնական ժամացույցները՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ և խորհրդանիշներով:
Ցուցահանդեսում, մասնավորապես, ցուցադրվել է շուրջ 60 ժամացույց, որոնց թվում են Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Ակսել Բակունցի, Վահրամ Փափազյանի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի և այլ մշակութային գործիչների ժամացույցները:
Այցելուները կարող են տեսնել, որ ժամացույցների սլաքները կանգ են առել այս նշանավոր մարդկանց կյանքի որոշակի պահի: Որոշ դեպքերում՝ երբ նրանք այլևս ողջ չէին: Հատկանշական է, որ ողջ հավաքածուից միայն Բարսեղ Կանաչյանի (լիբանանահայ կոմպոզիտոր և դիրիժոր, 1885-1967) ժամացույցը դեռ շարունակում է աշխատել՝ դառնալով ժամանակի կենդանի վկան:
Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը նշել է, որ առաջին անգամ մեկ հարթակում հավաքվել են մեր գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի մեծերի անձնական ժամացույցները: "Ժամացույցները, որոնք ուղեկցել են այդ մարդկանց իրենց ողջ ստեղծագործական կյանքում, եւ որոնց սլաքներն այսօր ցույց են տալիս ոչ թե թվեր, այլ պատմություններ, վերապրած պահեր եւ հուշեր", - ընդգծել է նա:
Միջոցառման կազմակերպիչների մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, "Հիշողության սլաքներ" ցուցահանդեսը կգործի 1438 ժամ եւ 120 րոպե և բաց կլինի բոլոր ցանկացողների համար՝ մայիսի 31-ից մինչեւ հուլիսի 30-ը: