Արմինֆո. "Հայաքվե" քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուշադրությունն է հրավիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ սահմանադրության դրույթների կոպիտ խախտման վրա: Այդ մասին մայիսի 31-ին հայտարարել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
"Երեկ Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնող անձը Facebook-ի իր էջից մի շարք հակաիրավական հայտարարություններ է արել Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին։ Բացի այն, որ այդ հայտարարությունները վիրավորական բնույթ են կրել, դրանք նաև Եկեղեցու կյանքին կոպտագույն միջամտության փորձի վկայությունն են։ Մինչդեռ, ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածը երաշխավորում է դավանանքի ազատությունը և կրոնական կազմակերպությունների ազատ գործունեությունը: Այդ ազատությունները երաշխավորված են մի պետության կողմից, որը որևէ իրավունք չունի միջամտելու իրենց առաքելությանը: Ավելին, երկրի հիմնական օրենքի 18-րդ հոդվածը երաշխավորում է Հայ Առաքելական Եկեղեցու գերակայությունը, իսկ սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է, որ պետական պաշտոնատար անձինք և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն իրավունք չունեն իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնք չեն համապատասխանում իրենց լիազորություններին: Իսկ եթե նրանք նման քայլեր են ձեռնարկում, ապա դա որակվում է որպես սահմանադրական կարգը տապալելու փորձ։ ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածը նման գործողությունների համար նախատեսում է խիստ պատիժ՝ 10 և ավելի տարի ժամկետով ազատազրկում", - նշել է Ավետիք Չալաբյանը:
Նա ընդգծել է, որ նախաձեռնության հեղինակները գլխավոր դատախազից պահանջում են վերոնշյալ հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում՝ քրեական վարույթ հարուցելով Փաշինյանի գրառումների և Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին նրա հայտարարությունների փաստի առթիվ: