Արմինֆո. Ռուսաստանի հայերի միությունն անթույլատրելի է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրթերից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների հասցեին հնչած վիրավորական արտահայտությունները այն օրերին, երբ աշխարհի քրիստոնյաները նշում են Տիրոջ Հարության տոնը: Այդ մասին ասվում է ՌՀՄ հայտարարությունում։
Դրանում ընդգծվում է, որ այն երկրի վարչապետը, որի հիմնական օրենքում ամրագրված է եկեղեցին պետությունից տարանջատելու սկզբունքը, առաջին անգամ չէ, որ ոտնձգություն է կատարում սահմանադրական հիմքերի վրա, այս անգամ հայտարարելով, որ "Հայաստանի Հանրապետությունը պետք է որոշիչ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում":
"Այն, ինչ տեղի է ունենում, ավելի շատ նման է մանևրի՝ հանրությանը շեղելու իրական մարտահրավերներից, էքզիստենցիալ սպառնալիքներից և խնդիրներից, որոնց լուծմամբ էլ պետք է մտահոգվի ՀՀ կառավարությունը ։ Աստվածաշունչն ասում է. "Կեսարին՝ կեսարինը, իսկ Աստծուն՝ Աստծունը"։ Հիշեցնելով այդ մասին՝ նշենք, որ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին հրապարակայնորեն և անամոթաբար օգտագործվող անպարկեշտ բառապաշարը արժեզրկում է, առաջին հերթին, հենց երկրի վարչապետի ինստիտուտը, որը, մոռանալով իր նշանակության մասին, կանգնել է հայկական ինքնության և պետականության դեմ խաչակրաց ամոթալի արշավանքի գլխին", - նշվում է Ռուսաստանի հայերի միության հայտարարությունում։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին կառավարության նիստում Փաշինյանը հայկական եկեղեցիները համեմատել էր չուլանների հետ։ «Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, կարելի է տեսնել եկեղեցիներում. ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, «աբալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ: Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու: Մեկ էլ՝ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը...», - ասել էր վարչապետը, ԿԳՄՍՆ ղեկավարից պահանջելով համապատասխան չափորոշիչներ ներդնել եկեղեցիներում, քանի որ «այդ օբյեկտների, հուշարձանների իրական սեփականատերը պետությունն է»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արձագանքել էին հայտարարությանը: "Ցավալի է, սակայն, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև հռչակված» կրթության պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորքային ըմբռնման ներքին ճգնաժամը", - գրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն՝ իր թելեգրամյան ալիքում:
Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչի այդ արձագանքը հաաաարուցել էր Փաշինյանի զայրույթը, ով ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում անպարկեշտ վիրավորանք էր հրապարակել հոգեւորականների հասցեին՝ գրելով. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Որոշ ժամանակ անց նա կատարել էր եւս մեկ գրառում. «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»: Հետո՝ եւս մեկը. «Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»։ Եվ՝ վերջինը (այս պահին). «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»։