Արմինֆո. Կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործող 10-ից ավելի ՀԿ-ներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ՝ կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին դադարեցնել "կանանց շահագործումը քաղաքական հակամարտություններում":
«Մենք՝ ներքոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սոցիալական ցանցում արված հայտարարությունը, որում նա թիրախավորում է հոգևորական գործչի ենթադրյալ զուգընկերոջը՝ հրապարակելով նույնականացնող տվյալներ և վերածելով պասիվ սեռական օբյեկտի՝ հոգևոր գործիչին վարկաբեկելու նպատակով: Անկախ նրանից՝ վարչապետի խոսքերը պարունակում են ճշմարտություն, թե ոչ, խստորեն դատապարտելի է նման բառապաշարն ու սեռական կյանքը քաղաքական թիրախավորման գործիք դարձնելը:
Կնոջ նկատմամբ սեռական բնույթի նվաստացուցիչ ու կնատյաց բառապաշարը՝ անկախ քաղաքական համատեքստից կամ նպատակից, անընդունելի է՝ հատկապես երկրի ամենաբարձր պաշտոնյայի կողմից։
Կանանց մարմիններն ու ինքնությունները քաղաքական հակամարտությունների շրջանակում օգտագործելը վտանգավոր նախադեպ է, որը վերարտադրում է վնասակար գենդերային կարծրատիպեր և խորացնում է Հայաստանում կանանց նկատմամբ համակարգային խտրականությունը։ Այս խոսքերը պարզապես անձնական վիրավորանքներ չեն․ կանայք օգտագործվում են տղամարդկանց կողմից իշխանական պայքարներում։
Քաղաքական հակամարտություններում տղամարդիկ հաճախ են օգտագործում ընդդիմախոսների (ենթադրյալ) զուգընկերների՝ հատկապես կանանց սեռական կյանքի մանրամասները որպես քաղաքական գործիք: Տվյալ դեպքում նման հրապարակումը կարող է լուրջ վտանգներ ստեղծել թիրախավորված կնոջ առօրյա կյանքում հասարակական ճնշումների ենթարկվելու պատճառով:
Մենք կոչ ենք անում`
1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնել կնոջը թիրախավորող գրառումը և հանրային ներողություն խնդրել խտրական արտահայտության և ենթադրյալ զուգընկերոջ մասին տվյալների բացահայտման համար՝ այդպիսով նախադեպ ծառայելով այլ քաղաքական գործիչների մոտ և կանխարգելելով դրա շարունակական բացասական հետևանքները:
2. Բոլոր քաղաքական գործիչներին՝ հատկապես իշխանության բարձր դիրքերում գտնվողներին, չշահարկել մարդկանց սեռականությանը և անձնական տվյալներին վերաբերող տվյալները և հանդես գալ մարդու արժանապատվությունն ու հավասարությունը հարգող խոսքի մշակույթով՝ խուսափելով գենդերային կամ այլ հիմքով խտրական եզրույթներից և ատելության խոսքից», - ասվում է հայտարարությունում, որին միացել են. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա, «Կանանց իրավունքների տուն» ՀԿ, «Կանանի» սոցիալ֊հոգեբանական կենտրոն ՀԿ, «Լուսաստղ» ՀԿ, «Սոցիոսկոպ» ՀԿ,
Հայաստանում կանանց հիմնադրամ, «Կրեոպիա» ՀԿ, «Փինք» իրավապաշտպան ՀԿ, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ, «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, քվիր քուր պլատֆորմ, «Ալվան ծաղիկ» սոցիալ-կրթական ՀԿ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում անպարկեշտ վիրավորանք էր հրապարակել եպիսկոպոսի հասցեին. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Փաշինյանն այդպես էր արձագանքել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հայտարարությանը, որը երեկ երեկոյան պատասխանել էր Փաշինյանի այն խոսքերին, թե բոլոր հայկական եկեղեցիները չուլանացված են, և պետք է համապատասխան չափորոշիչներ ներդնել եկեղեցիներում, քանի որ «այդ օբյեկտների, հուշարձանների իրական սեփականատերը պետությունն է»: "Ցավալի է, սակայն, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև հռչակված» կրթության պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորքային ըմբռնման ներքին ճգնաժամը", - գրել էր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն՝ իր թելեգրամյան ալիքում: