Արմինֆո. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայհոյախոսությունները մեկուսացված դեպքեր չեն։ Դրանք մաս են կազմում ազգային արժեքների և հաստատությունների դեմ ուղղված համակարգված և դրսից կառավարվող հարձակումների։ Այդ մասին ասվում է Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի հայտարարությունում:
«Մի կողմից, Ադրբեջանի ղեկավարությունն ակտիվորեն փորձում է յուրացնել Հայ առաքելական եկեղեցու ողջ ժառանգությունը, սկսած հիմնադիր հայրերից մեկի՝ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի, մյուս կողմից Հայաստանի ներկայիս իշխանությունները ջանք չեն խնայում վարկաբեկելու և արժեզրկելու հայոց առաքելական եկեղեցին՝ որպես ազգային ինքնության կրող հաստատություն։
Այս ամենը պատահական կամ ինքնաբուխ երևույթ չէ, այլ հստակ քաղաքական ծրագրավորված գործընթաց, որի նպատակն է նսեմացնել և վերացնել հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուները՝ հոգեբանորեն զինաթափելով հայությանը ի տես ամենօրյա զավթողական գործողությունների, զրկելով նրան հոգեւոր որեւէ արժեքից, որպես կամային դիմադրության եւ գործողությունների անհրաժեշտ նախապայմանի։
Այդ գործընթացի խորքային քաղաքական նշանակությունը հատկապես ակնառու է, եթե նկատի ունենանք, որ Արեւմուտքում նկատելի է ավանդական եւ քրիստոնեական արժեքների վերազարթնման ալիք, երբ այդ արժեքները սկսում են վերականգնել իրենց դիրքը քաղաքական և հանրային կյանքում։ Հայ ժողովրդին «նորաձեւ կրթելու» մոլուցքը գնալով վերածվում է նրան նորաձեւ «կռտելու» իրականության, փորձ անելով նրան հեռու պահել եւ հակադրել քաղաքակրթական զարգացումներին։
Ինքնության դեմ այս բարբարոս արշավանքը պահանջում է մեր հանրության լուրջ եւ սթափ գնահատականը, հակազդեցությունը եւ համախմբումը։ Ազգային ժողովրդավարական բեւեռը դիմում է հանրությանը՝ արթնացի՛ր հայ մարդ...», - ասվում է հայտարարությունում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում անպարկեշտ վիրավորանք էր հրապարակել եպիսկոպոսի հասցեին. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Որոշ ժամանակ անց նա կատարել էր եւս մեկ գրառում. «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»: Հետո՝ եւս մեկը. «Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»։ Եվ՝ վերջինը (այս պահին). «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»։
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության նիստում Փաշինյանը հայկական եկեղեցիները համեմատել էր չուլանների հետ։ «Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, կարելի է տեսնել եկեղեցիներում. ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, «աբալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ: Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու: Մեկ էլ՝ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը...», - ասել էր վարչապետը, ԿԳՄՍՆ ղեկավարից պահանջելով համապատասխան չափորոշիչներ ներդնել եկեղեցիներում, քանի որ «այդ օբյեկտների, հուշարձանների իրական սեփականատերը պետությունն է»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արձագանքել էին հայտարարությանը: "Ցավալի է, սակայն, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև հռչակված» կրթության պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորքային ըմբռնման ներքին ճգնաժամը", - գրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն՝ իր թելեգրամյան ալիքում: