Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աստանա միջազգային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևի հետ։
Շնորհակալություն հայտնելով AIF-ի կազմակերպման և ջերմ ընդունելության համար՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։
«Հայաստանը Ղազախստանի Հանրապետությունը համարում է տարածաշրջանում հուսալի և խոստումնալից գործընկեր: Մենք համոզված ենք, որ մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը կարող է զգալի ներդրում ունենալ ամբողջ եվրասիական տարածքի կայունության և բարեկեցության ամրապնդման գործում», - նշել է Գևորգ Պապոյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, իր խոսքում Գևորգ Պապոյանը կարևորել է փոխգործակցության խորացումը հատկապես դեղագործության, և թանկարժեք քարերի ու մետաղների արտահանման ուղղությամբ։
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է հայկական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի արտահանման ավելացմամբ, ինչպես նաև Ղազախստանից բարձրարժեք տոհմային կենդանիների ներմուծմամբ։
Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև Հայաստանի բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի շրջանակներում Հայաստանը կարող է դիտարկվել որպես կայուն փոխգործակցության, լոգիստիկայի, առևտրի և մարդասիրական գործընկերության հարթակ՝ միավորելով Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-դեկտեմբերին կրճատվել է 23,6% - ով՝ մինչև 84,1 մլն դոլար: Մասնավորապես, արտահանումը կազմել է 54,1 մլն դոլար՝ մեկ տարվա վաղեմության ցուցանիշին զիջելով 32,2% - ով, ներմուծման 0,9% ՝ մինչև 30 մլն դոլար անկման ֆոնին: