Արմինֆո. Ներկայումս իրականացվում է Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման աստիճանական գործընթաց։ Ըստ "Անադոլու"-ի՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին։
"Խաղաղության եւ կարգավորման հասնելուց հետո մենք կտեսնենք, որ մեր երկրները կշահեն դրանից", - հայտարարել է քաղաքական գործիչը:
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան Իրանից աջակցություն է ակնկալում, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" վերաբերյալ քայլերին, որոնք, նրա խոսքով, կծառայեն տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը:
Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան և Բաքուն զարգացնում են համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում՝ որպես փոխգործակցության ռազմավարական ոլորտներ դիտարկելով պաշտպանությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունն ու անասնաբուծությունը:
Մեղրիի երթուղին Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով շուրջ 40 կմ երկարությամբ տրանսպորտային երթուղու նախագիծ է, որը տրանսպորտային կապ կապահովեր Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը նախատեսված էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Մինչդեռ, Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել այդ պայմանավորվածությունների էությունը և ստանալ արտատարածքային միջանցք։