Արմինֆո. ԱՊՀ պետությունները միջպետական հետախուզման ժամանակ կօգտագործեն փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները։ ՀՀ Ազգային ժողովը մայիսի 29-ի լիագումար նիստում վավերացրել է միջպետական հետախուզման մասին Անկախ պետությունների համագործակցության պետությունների համաձայնագրի արձանագրությունը:
Ներկայացնելով փաստաթուղթը՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ արձանագրությունը ստորագրվել է 2024 թվականի հոկտեմբերի 8-ին, իսկ բուն համաձայնագիրը՝ 2010 թվականի դեկտեմբերի 10-ին։ Ներկայում, ինչպես ընդգծել է զեկուցողը, ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման միջոցառումների անցկացման ժամանակ կիրառվում է թղթային փաստաթղթաշրջանառություն: Արձանագրության վավերացումից հետո այդ գործընթացն ամբողջությամբ կվերափոխվի էլեկտրոնային ձևաչափի։
Փոխնախարարը հաղորդել է, որ Հայաստանի հարցումով 2024 թվականին ԱՊՀ երկրներում հետախուզվել է ավելի քան 1200 մարդ։ Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին հետախուզվողների թիվը 867 էր, իսկ 2022 թվականին՝ ավելի քան 1400։ Ղազարյանի խոսքով՝ ի պատասխան հայկական կողմը 2022-2024 թվականներին ԱՊՀ գործընկերներին է փոխանցել ավելի քան 700 հետախուզվող անձի։